Ր.Հովհաննիսյանը կազդուրվում և հանգստանում է ԱՄՆ-ում «քարոզարշավից հետո»
Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանում չէ և հնարավոր է ամանորին էլ չվերադառնա: Panorama.am-ի հետ զրույցում այդ մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` մասնավորեցնելով, որ կուսակցության ղեկավարը ԱՄՆ-ում է, ուր մեկնել է «կազդուրվելու և հանգստանալու քարոզարշավից հետո».
«Դա մասնավոր այց է»,- ընդգծեց նա:
Երբ նկատեցինք, թե տարօրինակ է, որ այս խառը պահերին, մասնավորապես կենսաթոշակային նոր համակարգի դեմ տարվող պայքարի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանում չէ, Արմեն Մարտիրոսյանը շտապեց նշել, որ «Ժառանգությունը» ակտիվ մասնակցում է բոլոր գործընթացներին և հավաստիացրեց, որ Ր.Հովհաննիսյանը կապը կուսակցության հետ պահում է:
Ինչ վերաբերում է պայքարին և Սահմանադրական դատարան դիմելուն, ապա մեր զրուցակիցը նշեց, որ միասնական պայքարը շարունակելու են, որովհետև սա այն եզակի դեպքերից է, երբ ընդդիմությունը միասնական է գործում, թեև դրական արդյունքի հույս չունի.
«Իհարկե հույս չունեմ, որովհետև այն ամենը, ինչ տեղի է ունեցել մինչև այժմ, որևէ լավատեսության տեղ չի թողնում»,- հավելեց իր խոսքը Ա.Մարտիրոսյանը: