Յուրահատուկ տարի` Արամ Խաչատրյանի անվան տրիոյի համար
Այս տարի Արամ Խաչատրյանի անվան տրիոյի երաժիշտներն անցկացրել են ավելի քան երկու տասնյակ համերգ և վարպետության դասեր երաժշտական դպրոցի սաների համար ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: Եռյակն ակտիվ մասնակցություն է ունեցել մայրաքաղաքի մշակութային կյանքում, մասնավորապես մեծ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հոբելյանական միջոցառումների շրջանակում: Միջոցառումներն անցկացվել են «ԱրմենՏել» ընկերության և «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի համատեղ համագործակցության արդյունքում:
«Տարին յուրահատուկ էր, քանի որ Արամ Խաչատրյանի 110-ամյակն էինք նշում այս տարի: Իսկ այս համագործակցությամբ մենք կարողացանք հարստացնել մեր ծրագիրը, իրականացնել մի շարք նախագծեր»,- ասուլիսում ասաց Խաչատրյանի անվան տրիոյի ջութակահար Կարեն Շահգալդյանը:
Խաչատրյանի տուն–թանգարանի տնօրեն, Խաչատրյանի անվան տրիոյի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը հույս հայտնեց, որ «ԱրմենՏել» ընկերության հետ համագործակցությունը կշարունակվի, քանի որ շատ ծրագրեր ունեն իրականացնելու:
«Արամ Խաչատրյանի հիանալի արվեստը միացնում է մարդկանց` դարձնելով մեր կյանքն առավել ներդաշնակ: «ԱրմենՏել» ընկերությունն իր սոցիալական ծրագրերով նույնպես փորձում է դարձնել կյանքն ավելի լավ: Արդեն որերորդ տարին է, ինչ շարունակվում է «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի հետ համագործակցությունը, և մենք երջանիկ ենք, որ այդ ժամանակահատվածում հարյուրավոր տաղանդաշատ երեխաներ ստանում են կրթաթոշակներ և դասընթացներ ճանաչված երաժիշտների կողմից: Վստահ ենք, որ մեր ներդրումը տաղանդավոր երիտասարդների շրջանում իր ուրույն տեղը կգտնի` բացահայտելով հայ երաժշտական արվեստի նոր անուններ, որոնք կհարստացնեն միջազգային դասականների շտեմարանը նոր երաժշտական գլուխգործոցներով»,- ասաց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: Նրա դիտարկմամբ, դասական երաժշտության լեզուն միջազգային է ու լավացնում է մարդկանց կյանքը:
«Մեր սոցիալական քաղաքականությունն է` անել այն, ինչ լավացնում է մարդկանց կյանքը: Վստահ եմ, որ այս համագործակցության արդյունքում դասական երաժշտության մասին ավելի շատ իմացան, մարդկանց կյանքը լավացրել ենք»,- ասաց Ա. Պյատախինը:
«Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամը ստեղծվել է Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտների կողմից 2010 թվականին: Հիմնադրամի հիմնական գործունեությունն ուղղված է կրթական և բարեգործական ծրագրերի իրականացմանը դասական երաժշտության ոլորտում: «ԱրմենՏել» ընկերությունը Հիմնադրամի մշտական գործընկերն է 2011 թվականից ի վեր:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում