Արևմտյան լրատվամիջոցները` Թուրքիան ցնցած ոստիկանական օպերացիայի մասին
Դեկտեմբերի 17-ին թուրքական ոստիկանության կողմից Անկարայում և Ստամբուլում իրականացրած հակակոռուպցիոն խոշոր օպերացիան, որի ժամանակ ձերբակալվել էին նախարարների ու գործարարների որդիներ, լայն արձագանք է գտել միջազգային մամուլում: Ավելի քան 5 տասնյակ ձերբակալվածների թվում են եղել Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերի, Էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի ու քաղաքաշինության նախարար Էրդողան Բայրաքթարի որդիները:
Թուրքական «Սաբահ» օրաթերթը, վկայակոչելով արևմտյան մամուլի հրապարակումները, նշում է, որ վերոնշյալ օպերացիայի հետևում կանգնած է Գյուլենական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլեննը:
Այսպես`
Times
Ոստիկանության իրականացրած օպերացիան Էրդողանի և գյուլենական շարժման միջև խորացող վեճի հետևանքն է: Գյուլենը թշնամացավ Թուրքիայի կառավարության հետ:
New York Times
Այդ օպերացիան սպառնալիք է` ուղղված Էրդողանին: Մինչդեռ մի ժամանակ Էրդողանն ու Գյուլենը Թուրքիայի քաղաքականությունը բանակի ազդեցությունից ազատելու գործում դաշնակիցներ էին:
Wall Street Journal
Այդ օպերացիան երկրում շոկային ալիք բարձրացրեց: Սպասվում է, որ Էրդողանը կպատասխանի երկրի տնտեսական կայունությանը և ներդրումային մթնոլորտի անվտանգությանը սպառնացող այդ զարգացոմներին:
The Guardian
Ամռան բողոքի ցուցերից հետո սա դիտվում է Էրդողանի ավտորիտարության դեմ ուղղված ամենամեծ հարձակումը:
Bloomberg
Ասում են` գյուլենական շարժումը պետությունը սիստեմատիկ հսկողության տակ պահել կարողանալու համար սողոսկում է պետական գերատեսչություններ:
Financial Times
Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության և երկրի ոստիկանական ու դատական համակարգ ներթափանցած գյուլենական շարժման միջև խորացող ճգնաժամ կա:
Washington Post
Էրդողանի և գյուլենական շարժման միջև լարվածությունը թեժանում է: Վերլուծաբանների համոզմամբ` սա պատասխան էր` ուղղված գյուլենական շարժմանը դպրոցները փակելու Էրդողանի կառավարության նախաձեռնության դեմ:
Նշենք, որ Ֆեթուլլահ Գյուլենի գլխավորած գյուլենական շարժումը հզոր իսլամական շարժում է, որը հարյուրավոր դպրոցներ ունի աշխարհի բազմաթիվ իսլամական երկրներում: Այն համարվել է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության քաղաքական հենարանը: Շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի և ժողովրդավարության համատեղելիություն: Կարծիք կա, որ Գյուլենը մեծ ազդեցություն ունի թուրքական կառավարության և ուժային կառույցների վրա: