Բանակում մահացածության ամեն դեպքի համար պատասխանատու է Խաչատուրովը. Իրավապաշտպան
«Զինվորական ծառայության կազմակերպման, կանոնադրության ապահովման պատասխանատուն հանդիսանում է մշտապես ստվերում մնացող Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը: Բանակում մահացածության ամեն մի դեպքի համար ինքն ա պատասխանատու», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների պաշտպանության» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը, որը զբաղվում է բանակում մահացածության դեպքերով, ասում է, որ չի կարող հստակ վիճակագրություն տրամադրել, թե զինծառայողների մահացածության որքան դեպք է արձանագրվել բանակում 2013 թվականին: Սակայն ինչ վերաբերում է քրեական գործերի ընթացքին, ապա, ըստ Ալեքսանյանի, դրանց հետագա քննությունը ցույց է տվել, որ սպաները պատասխանատվության քիչ են ենթարկվում:
«Շատ հազվադեպ է լինում, որ քրեական գործերով դատարանում սպաներ դատապարտվեն, հիմնականում շարքային զինծառայողներ են: ՊՆ-ում այսպիսի ներքին դիրքորոշում կա, որ հրամանատարներն անձեռնմխելի են ու չեն պատժվում», -փոխանցեց Ժաննա Ալեքսանյանը: