Սաքունց. « Նույնիսկ Վովա Գասպարյանի հրեշտակները չօգնեցին»
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի խոսքով, Հայաստանում մարդու իրավունքների մասին խոսելը նման է իռացիոնալ հասկացությունների մասին խոսելուն:
«Նույնիսկ Վովա Գասպարյանի հրեշտակները չօգնեցին, նրանք մնացին օդում»,-«Մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում. տարվա ամփոփում» խորագրով քննարկման ժամանակ ասաց Սաքունցը, ավելացնելով, որ ստեղծված իրավիճակի համար մեղավոր են իշխանությունները, ԱԺ-ն, բացառությամբ «Ժառանգության» մի քանի պատգամավորների:
Նրա խոսքով, մարդկանց մոտ հույսը կորել է, թե մի բան կփոխվի. «Իրավական դաշտից մարդկանց մղում են վրեժխնդրության դաշտ»:
Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Մարտին Թադևոսյանը զերծ մնաց գնահատականներ տալ, խոսեց թվերով` 210 դիմում, որից 187-ը ուղարկվել են դատախազություն, մի մասը` ոստիկանություն, մի քանիսը` քաղաքապետարան:
«Սակայն խնդիրը որն է, անվանումը կա, ամանում ոչինչ չկա: Մենք իրավապահ մարմին չենք»,-ասաց Մ. Թադևոսյանը, նկատելով, որ ամեն դեպքում վերահսկողության ու հետևողականության շնորհիվ իրենց հաջողվել է մի քանի դեպքերի մասով ձեռքբերումներ գրանցել: