Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման գործընթացը սկսված է
Սիրիայի հազար տոննայից ավելի արդյունաբերական քիմիկատները և թունավոր նյութերը դուրս բերելու ծրագիրը մեկնարկել է: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը (ՔԶԱԿ) դեկտեմբերի 19-ին Սիրիայի սահմաններից դուրս քիմիական զենքը ոչնչացնելու տենդեր է հայտարարել:
Սիրիայի քիմիական զենքը ոչնչացնելու պատրաստակամություն է հայտնել 35 մասնավոր ընկերություն: Դրանց թվում են ֆրանսիական Veolia ընկերությունը, ով նախկինում աշխատել է ՔԶԱԿ-ի հետ, ինչպես նաև ֆիննական պետական Ekokem ընկերությունը:
Նախատեսվում է, որ մրցութը կավարտվի հունվարի վերջին: Անվտանգության նկատառումներից ելնելով` ՔԶԱԿ-ի պաշտոնյաները ցանկանում են սահմանափակել ընկերությունների թիվը` դրանք հասցնելով մեկի կամ երկուսի:
Խաղաղության Նոբելյան մրցանակի այս տարվա դափնեկիր մարմինը քիմիական զենքը ոչնչացնելու համար հավաքել է 9.8 մլն եվրո: Ավելի վաղ ՔԶԱԿ-ը հայտարարել էր , որ Սիրիայի սահմաններից դուրս քիմիական զենքը ոչնչացնելու համար անհրաժեշտ է 30-40 մլն եվրո:
Նախատեսվում է, որ քիմիական նյութերը նախևառաջ Սիրիայի տարածքով տեղափոխվելու են 3000 կոնտեյներներով: Այն բավականին ռիսկային գործընթաց է պատերազմական երկրում:
Սիրիայի քիմիական զենքը ոչնչացնելու հարցում ՔԶԱԿ-ին օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն են հայտնել ՆԱՏՕ-ն , ԵՄ-ն , Հնդկաստանը և Ռուսաստանը: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 17-ին հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է իր ռազմածովային նավատորմի նավերը տրամադրել Սիրիայից թունավոր նյութերով բեռնված նավն ուղեկցելու համար:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին» , արդեն դեկտեմբերի 18-ի երեկոյան ռուսական տեխնիկայով տասը չվերթ է իրականացվել Սիրիայի ափամերձ Լաթաքիա քաղաք: Ռուսաստանը տրամադրելու է բեռնատար կոնտեյներներ և զրահապատ մեքենաներ, ջրային տանկեր և այլ լիգիստիկ սարքեր: Նա նաև ֆինանասկան աջակցություն է խոստացել:
Թունավոր նյութերը Սիրիայից դուրս են բերվելու դանիական և նորվեգիական նավերով, ու տեղափոխվելու են Իտալիայի նավահանգիստ: Իտալիայից քիմիական նյութերը տեղափոխվելու են ԱՄՆ բեռնատար Cape Ray նավի վրա, որտեղ էլ վերջնական ոչնչացվելու են:
Cape Ray նավը պատկանում է ԱՄՆ տրանսպորտի նախարարությանը և 46 նավից բաղկացած ռեզևրվում է: Նավի երկարությունը 197,5 մետր է, իսկ անձնակազմը բաղկացած է 29 մարդուց: Այժմ նավը խարսխել է Վիրջինիա նահանգի Պարտսմուտ նավահանգստում: ԱՄՆ-ն քիմիական զենքը չեզոք ջրերում ոչնչացնելու պատասխանատվությունը իր վրա ստանձնեց այն բանից հետո, երբ Ալբանիան, Դանիան, Բելգիան, Թուրքիան, Հորդանանը և Նորվեգիան հրաժարվեցին իրենց տարածքը տրամադրել այդ նպատակով:
Հարկ է նշել, որ Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման առաջին փուլը հետաձգվեց: Ըստ ՔԶԱԿ-ի նախագծի՝ առավել վտանգավոր նյութերը Սիրիայից դուրս էին բերվելու մինչև դեկտեմբերի 31-ը,իսկ մնացածները (բացի իզոպրոպանոլից)՝ մինչև 2014 թվականի փետրվարի 5-ը: Չլիցքավորված սպառազինությունը Սիրիայից դուրս կբերվի և կոչնչացվի մինչև 2014 թվականի մարտի 15-ը, իսկ քիմիական զենքի օբյեկտները՝ 2013 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 2014 թվականի մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում:
Առաջնային քիմիական զենքի ոչնչացումն ավարտվելու է 2014 թվականի մարտին, իսկ մնացածներինը՝ մինչև 2014 թվականի հունիսի 30-ը: Սակայն դեկտեմբերի 9-ին ՔԶԱԿ ղեկավար Ահմեդ Ուզումչուն հայտարարեց, որ «դժվար կլինի» Սիրիայի առավել վտանգավոր քիմիական նյութերը երկրից դուրս բերել մինչև դեկտեմբերի 31-ը և այն ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հունվարի կեսերին:
Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման հարցը ավելի սրվեց այն բանից հետո, երբ օգստոսի 21-ին Դամասկոսի արևելյան Ղուտա շրջանում զարին տեսակի քիմիական զենքի կիրառվեց, որին, ըստ Սիրիայի ընդդիմության, զոհ գնաց մոտ 1300 մարդ: Հայտնի չէ, թե ով է կանգնած դրա հետևում՝ կառավարական զորքերը, թե ընդդիմությունը: Միջադեպից մի քանի օր անց` սեպտեմբերի 14-ին, Ժնևում եռօրյա բանակցություններից հետո Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնեցրեցին Սիրիայի քիմիական զենքը միջազգային հանրության վերահսկողությանը հանձնելու նախագիծը: Արդյունքում Սիրիայի իշխանությունները, հետագա բարդությունից խուսափելու համար, համաձայնվեցին ՄԱԿ տեսուչներին թույլ տալ մուտք գործել երկիր և ամբողջությամբ ոչնչացնել քիմիական զենքի պաշարները: Սիրիան միացավ նաև քիմիական զենքը արգելող միջազգային կոնվենցիային:
Դեկտեմբերի 13-ին ՄԱԿ-ը հրապարակեց տեսուչների զեկույցը, որտեղ նշում է, որ ՄԱԿ փորձագետների հանձնաժողովը Սիրիայում քիմիական հարձակման 5 դեպք է հայտնաբերել: ՄԱԿ փորձագետները 7 դեպքերից հաստատել են մահացու զարին գազի կիրառման չորս դեպք` 2013 թվականի մարտին Խան Ալ-Ասալ գյուղում, ապրիլին Սարակեբ քաղաքում, օգոստոսին Դամասկոսի Ջոբար և Աշրաֆիյաթ Սահնայա արվարձաններում: Ավելի վաղ հաստատել էին Արևելյան Ղուտա թաղամասում քիմիական զենքի կիրառման փաստը: