Արամ Խաչատրյան-110. «Մեծանուն կոմպոզիտորին ճանաչում են, բայց ոչ ամբողջությամբ» (լուսանկարներ)
«Հոբելյանական տարին հրաշալի առիթ ընձեռեց ավելի շատ բարձրաձայնելու ու հնչեցնելու մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ժառանգությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Խաչատրյանի անվան տրիոն համերգներ է ունեցել Չինաստանում, Ռուսաստանի շուրջ 30 քաղաքներում, Պրագայում, Մերձբալթյան երկրներում»:
Panorama.am-ի հետ զրույցում ամփոփելով Արամ Խաչատրյանի հոբելյանական տարվա (110-ամյակ) ընթացքում իրականացրած ծրագրերը, միջոցառումները, ասաց Արամ Խաչատրյանի տուն–թանգարանի տնօրեն, Խաչատրյանի անվան տրիոյի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ հաջորդ տարվա ընթացքում նույնպես շարունակվելու է կոմպոզիտորի 110-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները. «Տրիոն մեծ շրջագայություն է կատարելու Եվրոպայում, մասնավորապես Գերմանիայում, Ռուսաստանում, նաև Երևանում ենք նախաձեռնելու միջոցառումներ»:
Ա. Գրիգորյանն ասաց, որ Արամ Խաչատրյանի արվեստը ճանաչելի է ողջ աշխարհում, բայց միշտ լուսաբանելու, լայնածավալ պրոպագանդելու կարիք կա: «Մեծանուն կոմպոզիտորին ճանաչում են, բայց ոչ ամբողջությամբ, մի քանի ստեղծագործություններով, մինչդեռ նա ստեղծել է հրաշալի գլուխգործոցներ, որոնք պետք է ճանաչելի դարձնենք ամբողջ աշխարհին:
Կան գործեր, որոնք նույնիսկ հենց Հայաստանի ներսում են անծանոթ: Դրանք հիմնականում վերջին շրջանում ստեղծած գործերն են, որոնք բոլորովին այլ աշխարհ են ներկայացնում: Կարևոր է, որ մենք դրանք ներկայացնենք նաև դրսում՝ հասանելի դարձնելով այլ երկրների երաժիշտներին: Վստահ եմ, որ դրանք էլ կընդգրկեն իրենց նվագացանկում»,- ասաց նա:
Ի դեպ, հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 18-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի կոմիտեի նիստում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի որոշմամբ և Միջազգային խորհրդատվական կոմիտեի եզրակացության հիման վրա ծրագրի Միջազգային ռեգիստրում գրանցվել են «Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները և կինոերաժշտությունը»։
Անդրադառնալով Ա. Խաչատրյանի տուն թանգարանի գործունեությանը, Ա. Գրիգորյանն ասաց, որ այն հագեցած է եղել, լի իրադարձություններով:
Արամ Խաչատրյանը ծնվել է 1903 թվականի հունիսի 6-ին Թիֆլիսում: 10 տարեկանում ընդունվում է Թիֆլիսի առևտրական տեխնիկում, որտեղ փողային նվագախմբում շեփոր էր նվագում: 1921 թվականի աշնանը արդեն ճանաչված արվեստագետ դարձած Սուրեն Խաչատրյանը կրտսեր եղբորը տանում է Մոսկվա` ուսում ստանալու, ընդունվում է Գնեսինների երաժշտական տեխնիկում, որտեղ թավջութակի դասարանում երկու տարի սովորելուց հետո, իր ուսուցիչ Գնեսինի խորհրդով, տեղափոխվել է ստեղծագործական դասարան:
1929 թ-ին Ա. Խաչատրյանը ավարտում է Գնեսինների ուսումնարանը և ընդունվում Մոսկվայի կոնսերվատորիայի նախ` Մ. Գնեսինի, ապա` Ն. Մյասկովսկու ստեղծագործական դասարանը:
Անվանի կոմպոզիտոր և հիանալի մանկավարժ Ն. Մյասկովսկու ղեկավարությամբ Ա. Խաչատրյանը գրում է իր «Ջութակի և դաշնամուրի սոնատը», «Դաշնամուրի, ջութակի և կլարնետի տրիոն», «Պարային սյուիտը», «Տոկատը» և այլ գործեր: Կոնսերվատորիան ավարտելիս, որպես դիպլոմային աշխատանք Ա. Խաչատրյանը գրել է իր Առաջին սիմֆոնիան, որը նվիրել է Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 15-ամյակին: 1940 թվականին Ա. Խաչատրյանը գրել է իր Ջութակի կոնցերտը` նվիրված տաղանդավոր ջութակահար Դավիթ Օյստրախին, որի համար ստացել է իր առաջին Պետական մրցանակը: 1941 թվականին ստեղծվել է Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունը:
Հայրենական Մեծ պատերազմի տարիներին ծնվել են նոր գործեր` պատերազմական թեմաներով երգեր, «Գայանե» բալետը Երկրորդ սիմֆոնիան, որոնց նույնպես կոմպոզիտորին շնորհվեցին Պետական մրցանակներ: 1944 թ. նա գրեց Խորհրդային Հայաստանի Պետական հիմնը:1956 թ. Լենինգրադի Կիրովի անվ. օպերայի և բալետի թատրոնում կայացել է «Սպարտակ» բալետի պրեմիերան: 1959 թ. «Սպարտակ» բալետի համար Ա. Խաչատրյանին շնորհվել է Լենինյան մրցանակ:
Աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները իրենց ուրույն տեղն են գրավել համաշխարհային դասական երաժշտության գանձարանում և մեծ ժողովրդայնություն են վայելում ամբողջ աշխարհում: Նրա ստեղծագործությունները հոգեհարազատ և հասկանալի են աշխարհի բոլոր ժողովուրդներին, նրա տաղանդը սիրված ու հարգված է բարձր արվեստը գնահատողների կողմից ` անկախ ազգային պատկանելությունից: ՅՈՒՆԵՍԿՕ-ն դասում է Խաչատրյանի անունը քսաներորդ դարի ամենահայտնի կոմպոզիտորների շարքին:
Արամ Խաչատրյանը մահացել է 1978 թվականի մայիսի 1-ին: Նա թաղված է Երևանի Կոմիտասի անվան այգու պանթեոնում` արվեստի ու գրականության հայ երախտավորների կողքին:
«Նա [Ա. Խաչատրյանը] մեր փոքրության առասպելի մեծ հերքումը եղավ, մեծերի հետ չափվելու խորհուրդը եղավ փոքրաթիվ մեր ժողովրդի:
... Դարձավ քաղաքակրթության մեր վկայականը...»,- Արամ Խաչատրյանի մասին ասել է Համո Սահյանը:
Իսկ Դմիտրի Շոստակովիչը գրել է. «Անցած տասնամյակներում Արամ Խաչատրյանը համաշխարհային երաժշտությունը հարստացրեց շատ ժանրերի հոյակապ ստեղծագործություններով... Խաչատրյանի յուրաքանչյուր նոր ստեղծագործություն դարձել է տոն»:
Նախորդող հրապարակումներ՝
Արամ Խաչատրյանի անվան տրիոն շարունակում է հանդես գալ հյուրախաղերով
«Արամ Խաչատրյանը և արդի աշխարհը». Գիտաժողով՝ նվիրված անվանի կոմպոզիտորի 110-ամյա հոբելյանին
Համերգ-հանդիպում՝ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի աշակերտի հետ
Արամ Խաչատրյան-110. Երևանցիներն այսօր զգալու են մեծանուն կոմպոզիտորի «շունչը»
Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված միջոցառումները շարունակվում են
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները