ԿԳ նախարար. Ասել, որ ավագ դպրոցների ծրագիրը ձախողված է, վաղաժամ է
Այսօր՝ 2013 թվականին, ասել, որ ավագ դպրոցների ծրագիրը ձախողված է, վաղաժամ է: Լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով անցնող տարվա աշխատանքները, նման հայտարարություն արեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Հայաստանի Հանրապետությունում չկա գեթ մեկ հոգի, որը ավարտել է 12-ամյա հայկական դպրոցը: Այդ դպրոցը դեռ չի տվել իր առաջին շրջանավարտներին, ասել որ այդ ծրագիրը ձախողված է, վաղաժամ է: Ավագ դպրոցների ստեղծման նպատակը չէր կրկնուսույցների դեմ պայքարը: Կրկնուսույցների ինստիտուտը եղել է դեռ Սովետական միության ժամանակ, այսօր էլ գոյություն ունի բազմաթիվ երկրներում»,- ասաց նախարարը:
Ըստ Արմեն Աշոտյանի, կան բազմաթիվ կայացած ավագ դպրոցներ, որոնց աշակերտները շատ հաճախ չեն գնում կրկնուսույցների մոտ. «Ավագ դպրոցների կայացման խնդիրը չի կարելի այսօր դիտարկել ամբողջության մեջ, մենք ունենք նաև թույլ ավագ դպրոցներ: Ավագ դպրոցների ծրագիրը սկսել է 2008 թվականին: 2008 թվականից քննադատությունն այնքան շատ էր: Եկեք թողենք ռեֆորմը զարգանա, հետո կտեսնենք»:
Նախարարի խոսքով, հիմա շատ ծնողներ գերադասում են, որ իրենց երեխաները սովորեն ուսումնարաններում կամ քոլեջներում: Նրա բնորոշմամբ, երբ ավագ դպրոց քիչ աշակերտ է գնում դա խնդիր է, բայց մի կողմից դա օբյեկտիվ իրողությունների հետևանք է:
«Մենք այսօր դեմ ենք, որպեսզի ստեղծվեն ոչ հավասար պայմաններ դպրոցների և քոլեջների շրջանավարտների համար: Այսօր գոյություն ունեցող օրենսդրությամբ քոլեջների ուսանողները կարողանում են պայմանագրի առկայության դեպքում ընդունվել բուհեր և միանգամից երկրորդ կուրսում սովորել: Ավագ դպրոցների շրջանավարտները, որոնք ավելի խորքային գիտելիքներ են ստացել հանրկրթական ծրագրով, պետք է ընդունվեն բացառապես ընդունելության քննություններով: Այստեղ մեծ են կոռուպցիոն ռիսկերը: Մենք օրենք ենք նախաձեռնել, որպեսզի ի թիվս այլ փոփոխությունների, նաև դա լրացվի, պետք է լինեն հավասար պայմաններ»,-ընդգծեց Արմեն Աշոտյանը:
Նախորդիվ՝
Կրթությունն ու գիտությունը` 2013-ին. Ամփոփում է նախարարը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա