Չափներդ ճանաչե՛ք. Գալուստ Սահակյանը` ընդդիմախոսներին
«Սրանց թվաց, թե քաղաքական մեծամասնության խմբակցությունից արձագանք չի լինում, ինչ ուզենան կասեն», -այսօր Ազգային ժողովում գազի համաձայնագրի քննարկման ժամանակ հայտարարեց Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` ակնարկելով խորհրդարանական ընդդիմությանը:
Այնուհետև շարունակեց. «Աստված մարդուն ուղեղ է տվել, որ լեզվի միջոցով կարողանա արտահայտվել: Երբ ուղեղը սիստեմատիկ չի կարողանում գործել, անհեթեթություններ է դուրս տալիս: Մեր ժամանակները ծնել են նաև Փանջունիներ, դավաճաններ, չգիտեմ ինչեր, այ աղերսվող որա՛կ, դու էդ ինչ ես դառել, ընդամենը կարող ես գալ 20 կգ ծանրաձող բարձրացնել, 100 կիլոյի խոսք ես ասում: Էդ ոնց ես բարձրացնելու, ոնց ես անելու: Վաճառքի խնդիր է, մեր բաժնեմասը վաճառում ենք Ռուսաստանին: Էս երկու ամիս ծուղրուղու եք կանչում գազի գնի վերաբերյալ, ո՞նց եղավ հապշտապ: Դուք տեսաք նաև մեզանից էլ մտահոգություններ հնչեցին: Ելույթներ կան, որ հոգեբուժարանի խնդիր է: Չափներդ ճանաչեք: Չափից եթե դուրս եք գալիս, անչափ չեք դառնում: Հլա Ձեր ուժը նայեք, տվայտանքները նայեք: Չեք ուզում մի քվեարկեք, դեմ քվեարկեք: Երեկ Ղարաբաղն էիք ծախում, էսօր խոսում եք, որ ստրկանում է ժողովուրդը»:
Խորհրդարանական մեծամասնության ղեկավարը հստակեցրեց, որ այս համաձայնագրով Հայաստանն իր էներգետիկ անվտանգության հարցն է լուծում և ընդգծեց, որ համաձայնագիրը «պիտի անցնի»:
Նշենք, որ Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի վաճառքի ու հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագրի վերաբերյալ քննարկումներն Ազգային ժողովում սկսվել են այսօր առավոտից: Համաձայնագիրը Սահմանադրական դատարանի որոշմամբ չէր հակասում ՀՀ Սահմանադրությանը: Համաձայնագրին դեմ են ԱԺ Ժառանգություն, Դաշնակցություն, Հայ Ազգային կոնգրես խմբակցությունները, իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը: