Կոկորդիլոսները վաճառքի ենթակա չեն (լրացված)
Ուտե՞լ, թե՞ չուտել կոկորդիլոսի միս: Panorama.am-ի հարցին ի պատասխան դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը չգիտի` ինչ պատասխանել:
«Գիտե՞ք, որ երկրներում ես դիետոլոգիա սովորել եմ, ոչ մի տեղ կոկորդիլոսի մսի մասին ինֆորմացիա չի եղել: Ի՞նչ իմանամ կոկորդիլոսի մասին, եթե այն միայն Ամերիկայում կա ու մեկ էլ Հայաստանում»,-անկեղծորեն խոստովանեց մասնագետը:
Մեկ այլ դիետոլոգ Գայանե Ղազարյանը մանրամասների տիրապետում էր:
«Հայերի համար անսովոր ուտելիք է, քանի որ մենք ոչ տեսել ենք, ոչ կերել ենք, չգիտենք, թե մեր ստամոքսն ու օրգանիզմը ինչ ռեակցիա կտան: Նախատոնական և տոնական օրերին խորհուրդ չէի տա օգտագործել այդ միսը»,-ասաց Գ. Ղազարյանը:
Մասնագետն ասաց, որ դելիկատես համարվող միսը վտանգավոր չէ, համարվում է էկոլոգիապես մաքուր սնունդ, պարունակում է նույնքան սպիտակուցներ, որքան տավարի միսը, կալորիականությամբ զիջում է հավի ու տավարի մսերին, ունի ձկան ու հավի մսի խառնուրդի համ:
Սուպերմարկետ զանգահարեցինք, ներկայացանք քաղաքացի, ով ցանկություն ու հնարավորություն ունի գնել կոկորդիլոսը: Պարզվեց` չենք կարող: Դրանք նախապես պատվիրված են կոնկրետ անձանց համար, վաճառքի ենթակա չեն, եթե շատ ենք ցանկանում` ամանորի սեղանին բազմի գիշատիչը, ապա պետք է պատվիրենք, խոստացան` կհասցնեն:
«Երկարությունը 90 սմ է, այս պահին խանութներում կա, բայց վաճառքի համար չէ, ձևակերպված են որպես նախնական պատվերներ»,-ասացին սուպերմարկետից, չհրապարկելով պատվիրողների անունները:
ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից ավելի վաղ Panorama.am-ին հայտնել էին, որ 3 կոկորդիլոսները Հայաստան են բերվել երկու շաբաթ առաջ ԱՄՆ-ից, ապխտած վիճակում: Ծառայությունից հայտնեցին, որ այս պահին կոկորդիլոսի ներկրման համար ներկայացված նոր հայտ չկա:
Ի դեպ նախորդ հրապարակման ներքո պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը մեկնաբանություն է թողել, ըստ որի սահմանային հսկողության ժամանակ ոչ միայն չի երաշխավորվել ներկրված մթերքի համապատասխանությունը ՀՀ-ում գործող պահաջներին, այլև պարենային նպատակով ներկրվել է մթերք և թույլատրվել է այն իրացնել լիազոր մարմնի իմացությամբ:
«1. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ որդեգրել է դեռևս տեխնիկական կանոնակարգերով ոլորտի կարգավորման իրավական մեխանիզմը, դեռևս ուժի մեջ է ՀՀ կառավարության 2006 թվականի ՄՍԻ ԵՎ ՄՍԱՄԹԵՐՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ N 1560-Ն որոշումը: (համենայն դեպս arlis ում գտա գործողներով)
2. Սույն կանոնակարգի հավելվածի չորրորդ կետի համաձայն միս` սպանդային կենդանիների սպանդից ստացված մթերք` մսեղիքի կամ մսեղիքի մասի տեսքով, որը մկանային, ճարպային, շարակցական և ոսկրային հյուսվածքների ամբողջություն է, իսկ կոկորդիլոս հասկացությունը դժվար թե գտնեք սպանդային կենդանիների ցանկում:
3. Հաշվի առնելով, որ կոկորդոլոսը սպանդային կենդանի չի հանդիսանում, հետևաբար կոկորդիլոսի մսեղիքի ինչպես նույնականացման, այնպես էլ անվտանգության ցուցանիշները սահմանված չեն, ինչից պարզ է դառնում, որ սահմանային հսկողության ժամանակ ոչ միայն չի երաշխավորվել ներկրված մթերքի համապատասխանությունը ՀՀում գործող պահաջներին, այլև պարենային նպատակով ներկրվել է մթերք և թույլատրվել է այն իրացնել լիազոր մարմնի իմացությամբ:
4. Այն որ Հայաաստանի Հանրապետությունը շատ հեռու է պարենային իրավունքի հիմնարար նորմերի պահպանումից, ինձ համար ոչ նորություն է ոչ էլ գաղտնիք, բայց որ արդեն լիազոր մարմնի հաղորդագրության տեսք է ստնում պետք է կրկնվեմ, ասել եմ բազմիցս ասում եմ կրկին օղորմի Հայաստանում սպառողի իրավունքին»,-գրել է Դավիթ Պիպոյանը:
ԼՐԱՑՈՒՄ.
Ի պատասխան Դ. Պիպոյանի մեղադրանքի, ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Արմինե Սուքիասյանը նշեց, որ իր համար զարմանալի է, երբ մասնագետը խոսում է ենթադրություններով ու «դժվար թե»-ով:
Ապա վկայակոչելով Դ. Պիպոյանի մատնանշած կառավարության որոշումը, ծառայության մամուլի խոսնակը մեջբերեց.
«Մսի և մսամթերքի տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին համապատասխան՝ մսի և մսամթերքի վրա: Այլ կենդանիների միս և սննդային ենթամթերք` աղի, աղաջրում, չորացված կամ ապխտած, սննդային ալյուր` պատրաստված մսից և սննդային ենթամթերքից»:
«Այսինքն այլ կենդանու մեջ ինչո՞ւ չի կարող մտնել կոկորդիլոսը, ես հարց եմ տալիս»,-ասաց Սուքիասյանն ու շարունակեց, որ նույն որոշման մեջ ընդգրկված նորմատիվների աղյուսակում ներառված են նաև «բոլոր տեսակի մորթի, նաև որսի ենթակա վայրի կենդանիների միս, այդ թվում` կիսապատրաստվածքներ` թարմ, պաղեցված, քիչ սառեցված, սառեցված»: