Ն.Փաշինյանը պահանջեց ազատ արձակել ակտիվիստներին
Ազգային Ժողովում ընթացող արտահերթ նստաշրջանի ընթացքը բավականին թեժ է, Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին հասցեագրված գրեթե բոլոր հարցերը պարունակում են մեղադրանք` ինչու էր խաբում, թաքցնում գազի գնի վերաբերյալ բանակցությունների ընթացքը ու նաև այն, որ առանց ԱԺ համաձայնության կուտակվել է 300 մլն դոլար:
ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն էլ մեղադրանքներ հնչեցրեց, բայց նախքան դրանց անցնելը, անդրադարձավ խնդրին, որ այդ րոպեներին ԱԺ շենքի դիմաց կատարվում է.
«Դուք տեղյակ եք, որ բազմաթիվ քաղաքացիներ այսօր հավաքվել են Ազգային Ժողովի դիմաց և իրենց բողոքն են ներկայացնում ընդդեմ այս կամակատար ու խայտառակ համաձայնագրի: Սակայն ես նոր տեղեկացա, որ ոստիկանությունը ինչպես միշտ իր անօրինական գործողություններին է անցել, խոչընդոտում է քաղաքացիների իրավունքը»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորն ու հավելեց, որ նաև տեղյակ է, որ շուրջ տասը ակտիվիստների ոստիկանները ոստիկանական մեքենա են տեղափոխել.
«Ես պահանջում եմ անհապաղ ազատ արձակել ակտիվիստներին և չխոչընդոտել իրենց իրավունքը»,- պահանջեց Ն.Փաշինյանը: