Բարաք Օբաման սպառնում է Սենատի կողմից Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին օրինագծի վրա վետո դնել
«Եթե ԱՄՆ Սենատը հաստատի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին օրինագիծը, նախագահ Բարաք Օբաման վետո կկիրառի»,-այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ` հայտարարել է Սպիտակ տան մամլո խոսնակ Ջեյ Քարնին:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ ԱՄՆ Սենատի 13 հանրապետական և 13 դեմոկրատ սենատորներ Իրանի նկատմամբ նոր տնտեսական պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ են մշակել:
Ջեյ Քարնին, նախազգուշացնելով օրինագծի հետևանքների մասին, մասնավորապես նշել է. «Oրինագծի հաստատման դեպքում՝ կվտանգվի Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցային գորընթացը, ամերիկյան դիվանագիտությունը հարցականի տակ կդրվի, ինչպես նաև իրանական խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու տարբերակի կիրառման հավանականության մեծացման պատճառ կհանդիսանա. Հետևաբար այդ պարագայում Բարաք Օբաման վետո կկիրառի»:
Նշենք, որ ԱՄՆ պետաքարտուղարության մամլո խոսնակ Ալեն Էյրը, օրերս Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում՝ անդրադառնալով իրանական 19 ընկերությունների և անհատների նկատմամբ կիրառված տնտեսական պատժամիջոցներին, մասնավորապես նշել է. «Դրանք ոչ թե նոր պատժամիջոցներ են, այլ վերաբերում են ներկայում կիրառվող պատժամիջոցներին: Ինչպես նախագահ Բարաք Օբաման է հայտարարել. «ԱՄՆ կառավարությունը ձեռնպահ կմնա Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելուց մինչև այն սահմանը, որը կթույլատրի քաղաքական համակարգը»:
ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Մարզիե Աֆխամն էլ, անդրադառնալով նոր պատժամիջոցներին, մասնավորապես հայտարարել է. «Իրանը հայտարարել է, որ նոր պատժամիջոցների կիրառման դեպքում ժնևյան համաձայնությունը կդադարի գոյություն ունենալ. Հուսով ենք, որ կողմերը հավատարիմ կմնան ձեռք բերված համաձայնությանը»:
Հավելենք, որ Ժնևում Իրանի և «5+1 խմբի» միջև ս.թ. նոյեմբերի 24-ին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն, ԵՄ-ն և ԱՄՆ-ն պետք է ձեռնպահ մնան Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելուց: Իրանն էլ իր հերթին պարտավորվել է 6 ամսվա ընթացքում ուրանը 5 տոկոսից ավել չհարստացնել: