Թուրք վերլուծաբանի համոզմամբ` Թուրքիան ձախողել է իր արտաքին քաղաքականությունը
«Մահմեդական աշխարհում ակտիվ խաղացողի դեր ստանձնելու հարցում անհաջողության մատնված Թուրքիան հիմա էլ ուղղվել է դեպի Հայաստան ու Հունաստան»: Նման տեսակետ է հայտնել թուրքական «Յենի մեսաժ» թերթի վերլուծաբան Մուհարրեմ Բայրաքթարը:
Ըստ նրա` Անկարան հավանաբար մտածել է, թե իսլամական աշխարհում ոչինչ չստացվեց, թեկուզ թող քրիստոնյա աշխարհում ինչ-որ բան ստացվի: Բայց այդտեղ ևս Անկարան տխուր արդյունքի դեմ հանդիման եղավ: Անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի երևանյան այցին` Բայրաքթարը հստակ նշում է, որ հայկական կողմը Թուրքիայից պահանջում է տեր մնալ ցյուրիխյան արձանագրություններում դրած ստորագրությանը:
«Իսկ այդ արձանագրությունները Թուրքիային նստեցնելու են ցեղասպանություն գործած մեղավորի աթոռին ու Հայաստանի առաջ ճանապարհ են բացելու հատուցման և տարածքային պահանջների համար»,- մեկ այլ սյունակագիր տկն Գյուլսերեն Այթաշի խոսքերն է մեջբերում հոդվածագիրը:
Բայրաքթարը հիշեցնում է 2013-ի ապրիլին Թուրքիայի խորհրդարան ուղարկված Այթաշի նամակի մասին և կոչ անում իշխանություններին ականջալուր լինել դրան: Նշյալ նամակում շարադրված են եղել անհրաժեշտաբար իրականացվելու ենթակա 4 պահանջ:
1. Հետ կանչել արձանագրությունները Թուրքիայի խորհրդարանից և չեղյալ հայտարարել:
2. Կատարել հարկ եղած սահմանադրական փոփոխություններ միջազգային պայմանագրերի բնույթը Թուրքիայի սահմանադրության հետ հակասության չմտնցելու համար:
3. Այդուհետև Հայաստանի հետ ստորագրվելիք ցանկացած պայմանագրի տեքստում ամրագրել մի կետ, ըստ որի, այդ պայմանագիրը չպետք է կիրառվի կամ մեկնաբանվի 1921-ին կնքված Կարսի պայմանագրին հակառակ:
4. Ի պատասխան այն երկրների խորհրդարանների, որոնք կընդունեն Հայոց ցեղասպանության բանաձև, Թուրքիայի ազգային մեծ ժողովը (ԹԱՄԺ - TBMM) իր հերթին պետք է նրանց դատապարտող օրինագծեր ընդունի:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա