ԱՄՆ ՄԶԳ-ն դրամաշնորհ կտրամադրի` կենսաթոշակային համակարգի վերաբերյալ իրազեկության բարձրացման համար
ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը այսօր երկու դրամաշնորհային համաձայնագիր են ստորագրել, որոնք կաջակցեն երկրի ընթացիկ կենսաթոշակային համակարգի վերաբերյալ իրազեկության բարձրացմանը և սոցիալական ծառայությունների որակի բարելավմանը: Արարողությանը ներկա էին ՀՀ կառավարության և ԱՄՆ Առաքելության ներկայացուցիչներ:
ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայության հաղորդմամբ, առաջին ծրագրի նպատակն է շարունակել ԱՄՆ ՄԶԳ աշխատանքները` ուղղված Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքների կարողությունների բարելավմանը, ինչպես նաև իրականացնել ֆինանսական գրագիտության ծրագրեր կառավարության կողմից ֆինանսավորվող «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի միջոցով: Մեկամյա ծրագիրը լրացնում է ԱՄՆ ՄԶԳ Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի, «Ֆինանսներ հանուն տնտեսական զարգացման» ծրագրի և Հարկային բարեփոխումների ծրագրի գործունեությունը: Իր հերթին, Համաշխարհային Բանկը դրամաշնորհային օժանդակություն է տրամադրել Հայաստանում Կենսաթոշակային միասնական պորտալի և կենսաթոշակային միասնական թեժ գծի ստեղծման համար:
Երկրորդ համաձայնագրի շրջանակում ԱՄՆ ՄԶԳ-ն նախարարությանը կսատարի բարելավել Հայաստանի բնակչությանը տրամադրվող սոցիալական ծառայությունների որակն ու արդյունավետությունը: Ծրագիրը կօժանդակի ՀՀ կառավարության նախաձեռնած Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի (ԻՍԾՀ) ներմուծմանը և կանդրադառնա ներմուծման փուլում հիմնական մարտահրավերներին: ԻՍԾՀ ներմուծմամբ ՀՀ կառավարությունը նպատակ ունի տնտեսական աճի և աղքատության նվազեցման խթաններ ստեղծել մարդկային կապիտալի զարգացման միջոցով: Բացի այդ, կվերանայվի սոցիալական աշխատանքի բնույթն ու դերը:
Երկու դրամաշնորհները 2013 թ. սեպտեմբերին ԱՄՆ ՄԶԳ-ի և ՀՀ կառավարության միջև ստորագրված Առողջապահական և սոցիալական բարեփոխումների օժանդակության ծրագրի մաս են հանդիսանում: