Վարդան Մինասյան. «Հայաստանի հավաքականից միայն «Եվրո-2016»-ի ուղեգիր են սպասում»
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը «Սպորտ Էքսպրեսին» տված հարցազրույցում խոսել է ազգային թիմից սպասելիքների մասին, ինչպես նաև անդրադարձել է իր ապագայի վերաբերյալ պլաններին:
- Վարդան, ՈՒԵՖԱ-ն արդեն հրապարակել է «Եվրո-2016»-ի ընտրական փուլի սխեման, ըստ որի` 9 խմբերի լավագույն երկուական թիմերը, լավագույն ցուցանիշ ունեցող երրորդ թիմը, ինչպես նաև անցումային խաղերի 4 հաղթողները կմասնակցեն մայրցամաքային մրցաշարին: Դա հարմա՞ր է Հայաստանի հավաքականի համար, թե՞ ավելի լավ տարբերակներ էլ կային:
- Իհարկե, հարմար է: Չնայած, մեծ հաշվով, ինչպիսին էլ լիներ ընտրական փուլի սխեման, եվրոպական յուրաքանչյուր երկրորդ հավաքական «Եվրո-2016»-ի մասնակից կդառնա: Դատեցեք ինքներդ. ՈՒԵՖԱ-ի գոտում ընդամենը 53 հավաքական կա, այդ թվում` Ջիբրալթարը, իսկ Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 24 թիմ: Հանեք մի քանի գաճաճ թիմերի և կստանաք 48 թիվը:
- Հիմա, հավանաբար, Հայաստանի ընտրանու խնդիրը հաստատ եզրափակիչ դուրս գալը կլինի:
- Մեր առջև միշտ էլ մեկ խնդիր է դրվել: Անկախ սեփական թիմի և մրցակիցների ուժերից, մեր խնդիրը միշտ առավելագույնն է եղել: Եվ ընտրական վերջին երկու փուլում մենք մոտ էինք այդ խնդրի լուծմանը:
- Ձեր ղեկավարությամբ հավաքականը մինչ այդ չտեսնված բարձունքների հասավ…
- Հնարավոր է, բայց մենք չենք մասնակցելու աշխարհի առաջնությանը, չնայած մինչև վերջ պայքարում էինք ուղեգրի համար: Իսկ հիմա, անկասկած, Հայաստանի ընտրանին իր պատմության մեջ առաջին անգամ խոշոր մրցաշարի մասնակցելու հնարավորություն ունի: Լավ կլինի, եթե փետրվարի 23-ին կայանալիք վիճակահանությունը փոքր-ինչ ավելի բարեհաճ լինի մեր նկատմամբ, քան նախորդ անգամ: Ի վերջո, Իտալիայի, Դանիայի ու Չեխիայի հավաքականների հետ նույն խմբում լինելը, համաձայնեք, ամենահաջող տարբերակը չէ:
- Հիմա, որպես անկախ մարդու, Ձեզանից կարելի է հետաքրքրվել, թե ինքներդ ինչպես եք գնահատում Հայաստանի ներկայիս հավաքականի ուժը: Ասենք` հետխորհրդային տարածքի թիմերի ուժեղագույն եռյակում այն, Ձեր կարծիքով, հաստատ կլինի՞:
- Այդ մասին նույնիսկ ՖԻՖԱ-ի վարկանշային սանդղակն է ցույց տալիս. Մեզնից միայն Ռուսաստանի ու Ուկրաինայի հավաքականներն են բարձր: Բավական է նայել ակումբներին, որոնք ներկայացնում են մեր թիմի ֆուտբոլիստները, և պարզ կլինի, թե ինչպիսի մակարդակ ունեն նրանք: Չեմ ուզում համեմատել նրանց ռուս և ուկրաինացի ֆուտբոլիստների հետ, սակայն կարծում եմ` բոլորն էլ հիանալի հասկանում են, թե այժմ ինչպիսի լուրջ թիմ է մեր հավաքականը:
- Մինչև հիմա բոլորը չէ, որ հասկանում են, թե ինչու Դուք, հավաքականին հասցնելով այժմյան մակարդակին, որոշեցիք հեռանալ: Եվ դա` այն ժամանակ, երբ Հայաստանի ընտրանին ամենառեալ հնարավորությունն ունի` իր պատմության ընթացքում առաջին անգամ մասնակցելու խոշոր մրցաշարի:
- Պարզապես եկել էր ինչ-որ բան փոխելու ժամանակը: Պրոֆեսիոնալ աճի համար ինձ ամենօրյա աշխատանք է պետք, իսկ դա միայն ակումբային մակարդակում է հնարավոր: Ուզում էի փորձել ուժերս ակումբային ֆուտբոլում և հասնել հաջողությունների: Հիմա մի շարք տարբերակներ ունեմ և, կարծում եմ, մոտ ժամանակներս կկողմնորոշվեմ ընտրության հարցում:
- Ռուսաստան հրավիրո՞ւմ են:
- Մեկ առաջարկ կար, սակայն հրաժարվեցի:
- Քի՞չ էին առաջարկում:
- Ոչ, խնդիրը փողի մեջ չէր:
- Իսկ ինչո՞ւմ էր խնդիրը:
- Անլրջության:
- Որքանով տեղյակ եմ, հայ շատ երկրպագուներ երազում են, որ Դուք վերադառնաք հավաքական, որի համար ոչ մի կերպ չեն կարողանում հարմար մարզիչ գտնել…
- Հավաքականում անմոռանալի տարիներ եմ անցկացրել և հպարտ եմ մեր կատարած աշխատանքի համար: Բայց որոշումը ես արդեն կայացրել եմ: