Զ.Փոստանջյանը հիշեց Կարսի պայմանագիրը, Մասիսի օտարումն ու անվստահություն հայտնեց գազային համաձայնագրերին
«Ժամանակին Կարսի պայմանագրով Մասիս սարը` Արարատը օտարվեց Թուրքիային: Ինձ հետաքրքիր է, մենք կաշկանդված ենք լինելու հետագայում մեկ ուրիշից գազ գնելու համար: Կամ արդյոք համաձայնագիրը սահմանափակում դնում է, որպեսզի եթե ՌԴ-ն որոշի իր բաժնեմասերը վաճառել Ադրբեջանին կամ Թուրքիային, կարողանանք կանխել դա»,- ԱԺ-ում Էներգետիկայի և բնական պաշարների նախարարին հարցրեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
Արմեն Մովսիսյանը փորձեց հանգստացնել Զ.Փոստանջյանին ու հավաստիացրեց, թե բաժնեմասերը Ադրբեջանին կամ Թուրքիային վաճառելուց ապահովագրված են. «Համաձայնագրում հստակ ֆիքսված է, թե Ռուսաստանն ում իրավունք ունի վաճառելու բաժնետոմսերը` միայն իրեն փոխկապակցված ընկերություններին ու ոչ ավելին, քան 49 տոկոսը: Ավելին` առանց մեր համաձայնության չեն կարող անգամ նաև փոխկապակցված ընկերություններին վաճառել»,- նշեց նախարար Մովսիսյանը:
Զ.Փոստանջյանը սակայն չհանձնվեց ու կրկին հղում անելով պատմությանը հետաքրքրվեց. «Այժմ մեր սահմանները պատմական այդ պայմանագրով սահմանված սահմաններն են: Բայց այդքան վստա՞հ եք ձեզ վրա, որ Սերժ Սարգսյանը չի գնա ու ստորագրի մի բան, որ մեզնից ինչ-որ բան օտարվի Թուրքիայի՞ն։ Եթե Կարսի պայմանագրի ժամանակ Հայաստանի խորհրդայնացման մասին էր խոսքը, ապա այսօր էլ մաքսայնացում արդյոք չի լինի»:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը արձագանքեց. «Ես վստահ եմ, որ նման բան երբեք չի լինի»:
Նախորդիվ`
Օսկանյան. Ե՞րբ է կուտակվել 300 մլն պարտքը
Նախարարը Խ.Քոքոբելյանին. «Չքվեարկելը ձեր իրավունքն է, մի քվեարկեք»