Ա. Մխիթարյան. Ադրբեջանցի պաշտոնյան վտանգավոր հայտարարություններ է անում
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեի հետ հանդիպման ժամանակ, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման ձգձգումը բացասական ազդեցություն է ունենում տարածաշրջանային իրավիճակի վրա` ավելացնելով, որ «Հայաստանը շարունակում է իր զավթողական քաղաքականությունը, ինչն արգելակում է խաղաղ բանակցային պրոցեսը»: Այս մասին գրում է «Թրենդ» լրատվական գործակալությունը:
Panorama.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով Զաքիր Հասանովի հայտարարությունը, ԱԺ պատգամավոր, Աֆղանստանի պատերազմի վետերանների միության նախագահ Արմեն Մխիթարյանը նշեց, որ նմանատիպ հայտարարությունները վտանգավոր է համարում:
«Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումից հետո, երկու կողմից էլ, պաշտոնական մակարդակով լավատեսական մեկնաբանություններ հնչեցին, սակայն այսպիսի հայտարարությունները բացասական ազդեցություն են ունենում բանակցային գործընթացի վրա»,- նշեց պատգամավորը:
Նա հիշեցրեց, որ միջնորդները կոչ են արել` զերծ մնալ բանակցությունների ընթացքը վնասող հայտարարություններից, իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունն անշուշտ վատ ազդեցություն կարող է ունենալ գործընթացի վրա:
«Որքան կարելի է նույն բանը կրկնել, ինչու են անպայման ձգտում «համը հանել», մանավանդ, որ նախագահների մակարդակով պայմանավորվածություն կա ակտիվորեն շարունակել բանակցությունները: Միջնորդները այս հարցում մեծ անելիք ունեն, այլապես պայմանավորվածությունները անիմաստ են դառնում»,- նշեց Ա. Մխիթարյանը: