Ինչպե՞ս սնվել Ամանորին ստամոքսի խանգարումներից և թունավորումներից զերծ մնալու համար. մասնագետի խորհուրդը
Ստամոքսի խանգարումներից և թունավորումներից զերծ մնալու համար բժիշկ-սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը խորհուրդ է տալիս տոնական օրերին ուտել միայն թարմ սննդամթերք, ինչպես նաև չչարաշահել ալկոհոլը:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում սննդաբանն ասաց, որ Ամանորին ավելի անհանգստացնող են սննդի անվտանգության պահպանման հարցերը, քանի որ հաճախ աղցաններն ու սննդամթերքը պատրաստվում է մեծ քանակությամբ, և դրանք ուտում ենք մի քանի օր:
«Աղցանները, խմորեղենը և այլ կերակուրները պետք է քիչ քանակությամբ պատրաստել: Պետք է հիշեք, որ նախորդ օրվա թթվասերով պատրաստված աղցաններն արդեն իսկ վտանգ են ներկայացնում: Հատկապես պետք է զգուշանալ այն աղցաններից, որոնց մեջ ձու կա»,- ասաց Վ.Պետրոսյանը` հավելելով, որ հիմնականում թունավորումները լինում են նաև տնային պայմաններում պատրաստված պահածոներից:
Մյուս կարևոր խնդիրը, ըստ բժշկի, ալկոհոլի չարաշահումն է: Թունավորումից խուսափելու համար ալկոհոլը պետք է օգտագործել չափի մեջ: Պետք է խուսափել նաև գազավորված, հատկապես գունավոր ըմպելիքի օգտագործումից:
Ինչ վերաբերում է գիրանալուն, ապա Վ.Պետրոսյանը նշեց, որ նույնիսկ նրանք, ովքեր խստորեն հետևում են իրենց կառուցվածքին, շատ դժվար կլինի տոնական օրերին 1-2 կգ քաշ չավելացնելը։ Դա ճարպալակում չի համարվում, քանի որ ճարպալակումը խրոնիկ հիվանդություն է, որը մի շաբաթվա մեջ չի առաջանում: Իսկ տոներին հավաքած ավելորդ կիլոգրամները շատ արագ էլ «գնում են»:
«Սովորական սննդակարգին անցնելուց հետո նախկին քաշը կվերականգնվի։ Մի՛ զրկեք ձեզ տոնական համեղ ուտեստները ճաշակելու գայթակղությունից, իսկ ավելորդ կալորիաները ծախսելու համար ուրախացեք, պարեք, ձեր օրը իսկապես տոն դարձեք»,- ասաց Վ.Պետրոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում