Նախիջևանի կորպուսը վերածվում է առանձին համազորային բանակի
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաման է ստորագրել Նախիջևանի ինքնավար Հանրապետությունում առանձին համազորային բանակ (Отдельной общевойсковой армии) հիմնելու վերաբերյալ` հրամանատար նշանակելով գեներալ-լեյտենանտ Քերեմ Մուստաֆաևին: Այս մասին հաղորդում է «Թրենդ» լրատվական գործակալությունը:
Նշենք, որ միջազգային պրակտիկայում համազորային բանակ ասելով նկատի ունեն ռազմական միավոր, որն ունակ է ինքնուրույն մարտական խնդիր լուծել:
Համաձայն վերոնշյալ հրամանի, խնդիր է դրված ամրապնդելու Նախիջևանի պաշտպանունակությունը, բարձրացնել զինված ուժերի զորամիավորումների ու զորամասերի մարտական պատրաստականությունը` նախկին 5-րդ կորպուսի հիման վրա ստեղծելու առանձին համազորային բանակ:
«Հաքքին.ազ» լրատվականն անդրադառնալով թեմային, գրում է (http://haqqin.az/news/14574), որ Նախիջևանի կորպուսը դուրս է գալիս Ադրբեջանի ՊՆ ենթակայությունից, միաժամանակ հավելելով, որ Իլհամ Ալիևն ավելի վաղ էլ այնպիսի իրավասություններ էր տվել Նախիջևանում տեղակայված 5-րդ կորպուսի հրամանատարին, որ նա այն ժամանակ էլ անմիջականորեն գտնվում էր նախագահի ենթակայության տակ:
Ինչ վերաբերում է հարցի քաղաքական կոնտեքստին, ապա լրատվականը նշում է, որ սրանով սկսվում է Նախիջևանը` կոնֆեդերացիայի վերածելու գործընթացը:
Ըստ աղբյուրի, Նախիջևանում տեղակայված կորպուսը բավականին մարտունակ է եղել, ինչը պայմանավորված է եղել նրանով, որ կորպուսը գտնվել է թուրքական գեներալիտետի անմիջական խնամակալության տակ:
Նշենք, որ ադրբեջանական բանակում գրանցվող զոհերի թվում քիչ չեն Նախիջևանի կորպուսի զինծառայողները, ընդ որում` որպես կանոն, այդ զոհերը ոչ մարտական պայմաններում են գրանցվում: Ընդ որում` 2012 թվականին, մի քանի անգամ մամուլի ասուլիսներով, հանդես են եկել Նախիջևանում զոհված զինծառայողների հարազատները, ովքեր նշել են, որ զոհված զինծառայողների օրգաններն այլ նպատակներով օգտագործում են և դա տեղի է ունենում Նախիջևանի զինվորական դատախազի հրահանգով:
2010 թվականին «Մուսավաթ.քոմ» կայքը տեղեկություններ էր փոխանցել այն մասին, որ Նախիջևանի Գերագույն մեջլիսի ղեկավար Վասիֆ Թալիբովը, Նախիջևանում ծառայող զինծառայողներին, որպես աշխատուժ, ժամանակ առ ժամանակ տեղափոխել է Իրան: Կայքը իր տեղեկությունները հաստատող տեսանյութեր էր հրապարակել, որում հստակ երևում էին, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները մետաղներ հավաքում ու բարձում իրանական համարներով բեռնատարները: