ՏՏ ոլորտի ցուցանիշներով Հայաստանը տարածաշրջանում զբաղեցնում է առաջատար դիրքեր. Վարչապետ
Երևանի «Զվարթոնց» օդանավակայանում մեկնարկել է «Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթ-փառատոնը: Մասնակից թիմերը՝ կազմված ծրագրավորողներից և ոչ միայն, ընդամենը 24 ժամում կմշակեն և ժյուրիին կներկայացնեն իրենց գաղափարները և առաջարկվող ծրագրի հավելվածի նախատիպը (ցուցադրական տարբերակը):
Կառավարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Տիգրան Սարգսյանն այցելել է օդանավակայան՝ զրուցել թիմերի մասնակիցների հետ և ծանոթացել նրանց նորարական գաղափարներին ու նախագծերին: Կառավարության ղեկավարը ողջունել է նման մրցույթի անցկացման նախաձեռնությունը: Վարչապետի խոսքով՝ այն կնպաստի, որպեսզի երիտասարդները հետաքրքրվեն տեղեկատվական տեխնոլոգիաներով, որովհետև այդ ոլորտում մասնագետների նկատմամբ պահանջարկը տարեցտարի կտրուկ աճում է: «Մեր երկրում այս բնագավառում վերջին տարիների ընթացքում ապահովվում է կայուն աճ և տարածաշրջանում մենք զբաղեցնում ենք առաջատար դիրքեր»,- լրագրողների հետ զրույցում նշել է Տիգրան Սարգսյանը:
Աղբյուրը տեղեկացնում է, որ մրցույթի մասնակիցները կարող են ոչ միայն կյանքի կոչել իրենց գաղափարը, ստեղծել հավելված, որը կարող է ներբեռնվել ողջ աշխարհում, այլև փորձարկել խնդիր լուծելու իրենց կարողությունները, փորձել իրագործել տարբեր գաղափարներ, ինչպես նաև ստանալ մրցանակներ, համագործակցության և ներդրումների լայն հնարավորություն:
Մրցույթի արդյունքում ակնկալվում է ունենալ տարբեր բնագավառներում մի շարք պատրաստի ծրագրերի նախատիպեր, հավելվածներ կամ լուծումներ, որոնք հայաստանյան և միջազգային շուկա դուրս գալու ներուժ ունեն:
Այս տարի «Հեքըթոն[ՅԱՆ]»-ը կրում է «Թռիչք» խորագիրը, քանի որ այն հնարավորություն է տալու բազմաթիվ նոր գաղափարների և թիմերի հենց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից սկսել իրենց հետաքրքիր ու տպավորություններով լի առաջին ճամփորդությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան