Վ.Բոստանջյան. Նախարարը շատ լավ հասկանում է, որ մեծամասնության ձայները լիովին բավարար են վավերացման համար
«Ես ավելի շուտ մտածում եմ, նախարարը, շատ լավ հասկանալով, որ մեծամասնության ձայները լիովին բավարար են, նման արտահայտություն արեց: Այդ արտահայտությունը կարող է իմիջիայլոց շպրտվի օդ, միևնույն է վավերացվելու են համաձայնագրերը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը` մեկնաբանելով Էներգետիկայի նախարարի այն արտահայտությունը, թե` չեք ուզում, մի վավերացրեք, գնանք բանակցությունների: Պարոն Բոստանջյանից մասնավորապես հետաքրքրվել էինք` արդյոք, իր կարծիքով, նախարար Արմեն Մովսիսյանը պատրաստ էր դեպքերի նման զարգացմանը և հավանական համարում է իսկապես նոր բանակցությունները, թե դա ուղղակի «նախարարական բլեֆ» էր:
«Դա ուղղակի օդ շպրտված արտահայտություն էր, որովհետև տեսեք` քվեարկությունը տեղափոխեցին այլ օր, ինչի համար: Որովհետև մարդ չկարողացան հավաքել, այսինքն վստահ են, որ երբ մեծամասնությունը կազմով ներկա լինի, կողմ կքվեարկեն: Այնպես, որ ընդամենը քայլ էր»,- նշեց տնտեսագետ Վ.Բոստանջյանը և ավելացրեց, որ նույն իրավիճակին ականատեսն ենք լինում բոլոր այլ դեպքերում` երբ պետք է բյուջե ընդունել, կամ այլ որոշում, որը միայն մեծամասնության ձայներով էլ հնարավոր է անցկացնել:
Ինչ վերաբերում է գազային համաձայնագրերին, որոնք դեռ երկուշաբթի Ազգային Ժողովը կշարունակի քննարկել, ապա ըստ Վ.Բոստանջյանի, այս խնդիրը՝ Հայաստանն այսօր ստիպված է վաճառել «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասը, ծագել է սխալ կառավարումից, ու հարցն այսօր լուծել, ցավոք, չի լինի. ընդդիմությունը բողոք ներկայացնելով հարցը չի կարող լուծել:
Ըստ Բոստանջյանի, հարկավոր է կառավարումը վերցնել սեփական ձեռքը, այլապես բողոքի ձայնը լուծում չի. «Ռուսաստանը գազի երկիր է, իսկ մենք տևական ժամանակ այն սպառել ենք միջազգային գներից նկատելիորեն ցածր գներով: Ու եթե այսօր ծագել է այս ահռելի պարտքը, ապա դա պայմանավորված է միայն տեղում կառավարողների գործելաոճից»,- հավելեց մեր զրուցակիցը: