Տոների ընթացքում ՍԱՊԾ-ն ավելի ուժեղացված ուսումնասիրություններ է անցկացնում
Ամանորի նախաշեմին մեծանում է սննդամթերքի անվտանգության ռիսկայնությունը: Այս շրջանում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դիտարկումներ է իրականացնում մեծածախ վաճառքի շուկաներում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ծառայության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Ղուլյանը:
Ուսումնասիրությունների ժամանակ ուշադրություն է հատկացվում մակնշման, ժամկետների հետ անհամապատասխանությանը և պահպանման պայմաններին:
Դավիթ Ղուլյանը տեղեկացրեց, որ ռիսկային են համարվում կարճաժամկետ, բարձր յուղայնությամբ ապրանքները, կիսաֆաբրիկատները և այլն. «Կաթ-կաթնամթերքի ժամկետները պետք է նայվեն, ուշադիր լինեն մարդիկ: Այսինքն բոլոր կարճաժամկետ ապրանքները, որոնց պահպանության ժամկետը երեք ամիս է: Բայցևայնպես, Ամանորն ավելի ռիսկային լինելով, այդ ժամանակ սպառումն ավելի շատ է»:
Ծառայության աշխատակազմի ղեկավարի տեղակալը վստահեցրեց, որ վերջին շրջանում հանրապետությունում խոզերի անկումներ չեն եղել, իսկ գյուղացիների շրջանում տարածված տեղեկությունները, նրա պնդմամբ, չեն համապատասխանում իրականությանը:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, ինչպես նկատեց աշխատակազմի ղեկավարի տեղակալը, դիտարկումներ անընդհատ է անում, իսկ Ամանորի ընթացքում ավելի ուժեղացված են աշխատանքները: Այս տարվա ընթացքում մոտ 4336 տնտեսվարողի մոտ անցկացվել են ուսումնասիրություններ, որոնք կամփոփվեն տարվա վերջին: