«Գազային համաձայնագրի» քվեարկությունը օրինական էր. Դավիթ Հարությունյան
Ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր տեղի ունեցած «գազային համաձայնագրի» քվեարկությունը, որը կատարվեց ոչ թե էլեկտրոնային համակարգով, այլ ձեռքով, ԱԺ Կանոնակարգ-օրենքի խախտմամբ չի եղել: Այդ մասին այսօր Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը` մեկնաբանելով ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունների տարածած հայտարարությունը:
Հիշեցնենք` խմբակցությունները հայտարարել էին, որ ԱԺ հաշվիչ հանձնաժողովը ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանված կարգով, որևէ որոշում չի կայացրել և քվեարկության արդյունքները չի արձանագրել: Հանձնաժողովի յոթ անդամներից չորսը՝ Տիգրան Ուրիխանյանը (ԲՀԿ), Լյուդմիլա Սարգսյանը (ՀԱԿ), Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ) և Թևան Պողոսյանը (ժառանգություն) չեն մասնակցել ԱԺ կանոնակարգ օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասով կամ 24-րդ հոդվածով նախատեսված որևէ գործընթացի: «Այսպիսով` 2013թ. դեկտեմբերի 23-ին ԱԺ արտահերթ նստաշրջանում Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի վավերացման մասին որոշում չի ընդունվել: Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված չէ», -նշված էր խմբակցությունների հայտարարության մեջ:
«Ընդհանրապես, քվորումի երկու հասկացություն կա` նիստերը սկսելու և որոշումներ կայացնելու համար, սակայն տվյալ պարագայում ես կարծում եմ, որ խոսքը վերաբերում է ընդամենը գործողության մասին և հայտարարության մեջ վրիպած է այդ պահը: Հաշվելը չի պահանջում որևէ որոշման ընդունում, դա սովորական տարրական գործողություն է, և իսկապես, տարօրինակ կլիներ, որ ձայները հաշվելը դահլիճում իրականացվեր որոշման ընդունման միջոցով: Որոշում կայացնելու համար է անհրաժեշտ քվորում: Այս պարագայում որոշում կայացնելու խնդիր չի եղել», -մեզ հետ զրույցում ԱԺ Կանոնակարգ-օրենքի պահանջը մեկնաբանեց պատգամավոր Հարությունյանը:
Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցչի խոսքով, ոչ իշխանական խմբակցությունների անդամները ճիշտ չեն գնահատել իրավիճակը այն առումով, որ քվեարկության արդյունքների վերաբերյալ որոշում ընդունելու կարիք չկա:
ԱԺ Դաշնակցական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարել էր, որ չի բացառում, որ այդ հարցով կդիմեն Սահմանադրական դատարան: Այս կապակցությամբ Դավիթ Հարությունյանը մեզ հետ զրույցում նկատեց. «Ես չեմ կարծում, որ այդ հարցով ընդհանրապես կարելի է դիմել ՍԴ: Տվյալ դեպքում խոսքը գնում է ԱԺ կանոնակարգ-օրենքի ենթադրյալ պահանջները չպահպանելու մասին: Իմ խորին համոզմամբ, Սահմանադրական դատարանի մասին օրենքը այս հարցը Սահմանադրական դատարանում վիճարկելու հնարավորություն չի ընձեռում»: