Հայաստանում հղիների մոտ հեպատիտ Բ-ի անվճար հետազոտություն չի կատարվում
Հայաստանում հղիների մոտ հեպատիտ Բ-ի անվճար հետազոտություն չի կատարվում: Ժամանակին նման հետազոտություն անցկացվել է «Վիշնեվսկայա» հիմնադրամի կողմից՝ պարզելու հղիների շրջանում հեպատիտ Բ-ի տարածվածությունը:
ՀՀ առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը կարծում է, որ բնակչության մոտ սխալ ընկալում կա, թե այդ հետազոտությունը պետական պատվերի շրջանակներում է իրականացվել:
«Դա ընդամենը ծրագիր էր և պարտադիր պետական պատվեր չի եղել: Հետազոտությունն արվում էր բոլոր հղիների մոտ: Ինչ վերաբերում է արդեն հիվանդություն տարած կանանց, ապա եթե կինն արդեն գիտի, որ իր մոտ կա հեպատիտ Բ, նրան լրացուցիչ հետազոտելը ոչ մի արդյունք չունի: Մենք բոլոր նորածիններին ծնվելուց անմիջապես հետո հեպատիտ Բ-ի դեմ պատվաստում ենք: Կինն իր ստատուսն արդեն գիտի և անկախ նրանից հեպատիտ Բ ունի, թե ոչ, նորածինը պատվաստվում է, որ չհիվանդանա»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գայանե Ավագյանը:
Այլ հարց է, որ կինը հեպատիտ Բ-ով վարակվում է հղիության ընթացքում: Այդ դեպքում նրան բուժելուց բացի, երեխային հատուկ ներարկումներ են արվում՝ նրան հիվանդությունից պաշտպանելու համար:
Գայանե Ավագյանը նշեց, որ աշխարհի 2-3 տոկոսը հեպատիտ Բ-ով է տառապում. «Անցկացված հետազոտությամբ մենք ուզում էինք տեսնել տարածվածությունը մեր երկրում: Իսկ հետազոտության արդյունքները չէին գերազանցում տարածաշրջանների տվյալները»: