Դեկտեմբերի 23-ը Ս.Դավիթ մարգարեի և Հակոբոս Տյառնեղբայր առաքյալի հիշատակության օրն է
Դեկտեմբերի 23 - ը Ս. Դավիթ մարգարեի և Հակոբոս Տյառնեղբայր առաքյալի հիշատակության օրն է: Մայր Աթոռից մանրամասնում են.
Ս. Դավիթ մարգարեն Բոազի և Հռութի ծոռն էր: Աստվածաշունչ մատյանը նկարագրում է նրան որպես սաղմոս ասող, շնորհալի, պատերազմիկ, իմաստուն, ճարտասան և գեղեցիկ տեսքով մի մարդ: Նա հովիվ է եղել: Փղշտացիների հարձակման ժամանակ հաղթել է հսկա Գողիաթին: Սավուղի մահից հետո դարձել է Իսրայելի թագավորը և հիմնադրել Երուսաղեմ քաղաքը: Սաղմոսաց գրքի հեղինակն է: Հին Կտակարանի ամենամեծ և ազդու դեմքերից է: Նա արժևորվում է նրանով, որ աշխարհի Փրկիչ Հիսուս Քրիստոս նրա սերնդից է:
Ս. Հակոբոս Տյառնեղբայրը կապող օղակն է ավետարանական սրբերի և Գործք Առաքելոցում հիշված սրբերի միջև: Նա Նախնական Եկեղեցու տիրական դեմքերից է և Երուսաղեմի առաջին եպիսկոպոսը: Հովսեփիոս հրեա պատմիչը նրան բնորոշում է ՙարդար՚ մակդիրով:
Վարքագրական աղբյուրների համաձայն` ոմանք բռնանում են նրա վրա և պատվիրում, որ բարձրանա աշտարակի վրա և Հիսուսի դեմ չարախոսի: Սակայն բարձրանալով` սկսում է խոսել Հիսուս Մեսիայի մասին, ով նստած է Աստծո աջում և որ գալու է դատելու աշխարհն արդարությամբ: Շատերը հավատքի են գալիս, բայց ուրիշներ սրբին աշտարակից վայր են նետում: Ըստ ավանդության` թաղված է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Ս. Հակոբյանց Մայր Տաճարում: Նրա անունով մեզ է հասել ընդհանրական մեկ թուղթ:
Հայ Եկեղեցին Դավիթ մարգարեի հիշատակը տոնում է Հակոբոս Տյառնեղբոր հետ, որովհետև եթե Դավիթը Քրիստոսի ՙնախահայրն՚ է, ապա Հակոբոսը նրա ՙեղբայրը՚, ազգականը: Այս երկու սուրբերի անուները միասին են տոնախմբվում` խորհրդանշելու համար Հին և Նոր Ուխտերի միաձուլումը քրիստոնեության մեջ:
Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Դավիթ մարգարեի և Հակոբոս Տյառնեղբայր առաքյալի հիշատակը տոնում է Ս. Ծննդին նախորդող Ավագ Տոների ժամանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները