Իրանի քաղաքացին մեղադրվում է Ադրբեջանում Իսրայելի դեսպանության վրա հարձակվելու մեջ
«Ադրբեջանում ձերբակալված Իրանի քաղաքացու վիճակը գոհացուցիչ չէ»,-այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Մարզիե Աֆխամը:
Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Ադրբեջանի ոստիկանության աշխատակիցները վերջերս Իրանի քաղաքացի Բահրամ Ֆեյզիին Բաքվում Իսրայելի դեսպանության վրա հարձակում կատարելու անհիմն մեղադրանքով ձերբակալել են:
Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչն անդրադառնալով վերոնշյալ դեպքին, մասնավորապես նշել է. «Երկարատև հետևողական քայլերից հետո Ադրբեջանում Իրանի դեսպանության հյուպատոսական բաժնի աշխատակիցներին թույլատրվել է տեսակցել Բահրամ Ֆեյզիին.Դեսպանության աշխատակիցների խոսքով՝ նրա վիճակը գոհացուցիչ չէ: Միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի ձերբակալված ԻԻՀ քաղաքացին ազատ արձակվի»:
Հիշեցնենք, որ վերջերս Ադրբեջանի անվտանգության ուժերը Բաքվում Իսրայելի դեսպանության առջևից անցնելու համար ձերբակալել էին Իրանի մեկ այլ քաղաքացու՝ Հասան Ֆարաջիին: Իրանի ԱԳՆ-ի և Ադրբեջանում ԻԻՀ դեսպանության հետևողական ջանքերի արդյունքում Ֆարաջին վերջերս ազատ արձակվեց: