ԻԻՀ Մեջլիսի հայազգի պատգամավոր. Հայ Առաքելական եկեղեցին Իրանում շուրջ 100 հազար հետևորդ ունի
«Իրանահայերի 40 տոկոսը Հայոց Ցեղասպանությանը զոհ դարձած հայերի ժառանգներն են»,-այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ նշել է ԻԻՀ Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը:
Հայազգի պատգամավորը, անդրադառնալով Իրանի կրոնական փոքրամասնությունների, այդ թվում՝ իրանահայերի իրավունքներին, մասնավորապես նշել է. «Բարեբախտաբար կրոնական փոքրամասնությունների իրավունքները պաշտպանվել են բոլոր նախագահների օրոք, քանի որ նրանց իրավունքներն ամրագրված են ԻԻՀ Սահամադրությամբ»:
Կ.Խանլարյանը, անդրադառնալով իրանահայերի խնդիրներին, նշել է, որ Իրանի հայ համայնքի կարևորագույն խնդիրը Հայոց Ցեղասպանության հարցն է: Նրա տեղեկացմամբ՝ իրանահայերի 40 տոկոսը Ցեղասպանությանը զոհ դարձած հայերի ժառանգներն են:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Իրանի իշխանությունների ունեցած դիրքորոշմանը՝ ԻԻՀ Մեջլիսի հայազգի պատգամավորը մասնավորապես նշել է. «Բարեբախտաբար իսլամական հեղափոխության առաջին տարիներին Էմամ Խոմեյնին դատապարատել է Ցեղասպանությունը, նախկին նախագահ Խաթամին Հայաստան կատարած այցի ժամանակ այցելել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, Մահմուդ Ահմադինեժադն իր պաշտոնավարման տարիներին ևս երկու անգամ դատապարտել է այն. Հուսով ենք, որ Ցեղասպանության 100-ամյակին վշատկցություն հայտնող իրանցի պաշտոնյաների թիվը կավելանա»:
Պատգամավորը, անդրադառնալով Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդների թվին, նշել է. «Իրանահայերի 98-99 տոկոսը Առաքելական Եկեղեցու հետևորդներ են, իսկ 1-2 տոկոսը՝ Կաթոլիկ և Բողոքական եկեղեցիների հետևորդներ: Ներկայում ողջ աշխարհում Հայաստանի բնակչության հետ միասին 13-14 միլիոն հայ է բնակվում: Իրանում Հայ Առաքելական եկեղեցու հետևորդների թիվը հասնում է 100 հազարի»:
Նշենք, որ Հայ Առաքելական Եկեղեցին Իրանում ներկայացված է երեք՝ Ատրպատականի, Թեհրանի և Էսֆահանի հայոց թեմերով, իսկ ԻԻՀ Մեջլիսում իրանահայությանը շահերը ներկայացնում են երկու պատգամավորներ Կարեն Խանլարյանը և Ռոբերտ Բեգլարյանը:
Թեմայի առնչությամբ վերլուծություն՝
Հայկական «լոբբին» կօգնի՞ արդյոք Իրանին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում