Վրաստանի ԱԳՆ. Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ…
Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ ռուսական զորքերը գտնվում են Աբխազիայում և Հարավային Օսեթիայում: Այս մասին «Նովոստի Գռուզիա» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն:
«Ռուսաստանի հետ դիվանագիտական հարևաբերությունների վերականգնում չի լինի, քանի դեռ մեր տարածքի 20%-ը բռնազավթված է, և Ռուսաստանն այդ մասին գիտի»,- նշել է Մ. Փանջիկիձեն:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի հաստատմանը, Վրաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը համարում է դա «վերջին տարում Վրաստանի վարած քաղաքականության արդյունք»: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Վրաստանը որևէ զիջման չի գնա իր տարածքային ամբողջականության հարցում:
«Երբեք վիզային ռեժիմի դյուրացման համար Վրաստանը չի զիջի իր տարածքները, և մենք միշտ Աբխազիան և Հարավային Օսեթիան կհամարենք մեր տարածքը»,- շեշտել է Մ. Փանջիկիձեն:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառել Վրաստանի հետ վիզային ռեժիմը վերացնելը և անհրաժեշտ է համարել քննարկել հարցը փորձագիտական մակարդակով: Վրաստանը 2012թ.-ի փետրվարին միակողմանի վերացրել է վիզային ռեժիմը:
Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները դադարեցվել են 2008թ.-ի օգոստոսյան պատերազմից հետո, ինչի արդյունքում Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը: 2000թ.-ին Ռուսաստանը վիզային ռեժիմ է հաստատել Վրաստանի հետ՝ հայտարարելով Վրաստանի տարածքից, Պանկիսի կիրճից դեպի Ռուսաստան ահաբեկիչների տեղափոխման վտանգի մասին:
2012թ.-ի հոկտեբերի խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանում իշխանության է եկել «Վրացական երազանք» դաշինքը: Ընտրությունների արդյունքում ձևավորված կառավարությունը առաջնահերթություն է հռչակել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա