«Փարկինգ Սիթի Սերվիս». Երեք փողոցում կարելի է կայանել, չվճարել ու չտուգանվել
Վճարովի ավտոկայանատեղիներում մեքենայի կայանման համար տուրք չվճարած քաղաքացիները քաղաքապետարանից ստացել են քաղաքապետի արձանագրությունը, ըստ որի, իրենք իրավախախտում են կատարել: Խմբագրություն զանգահարած քաղաքացիների խոսքով, արձանագրությանը կից ներկայացված լուսանկարներն արված են մեքենայի տեսախցիկից:
Հետևաբար հարց է առաջանում, ինչպես է «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերությունը պատրաստվում տրամադրել տեսագրությունը, ինչը խոստացել էր անել, եթե կայանած մեքենային ինչ-որ բան պատահի:
Ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը Panorama.am-ին ասաց, որ իրենք տուգանքներից գործ չունեն: Ընկերությունը վճարում չկատարածների վերաբերյալ միայն տեղեկություններ է ներկայացնում քաղաքապետարանին, դրանից հետո բոլոր որոշումները կայացնում է քաղաքապետարանը` իրականացրած վարչական վարույթի հիման վրա:
«Ներկա պահին, կարծում եմ, այդքան շատ վճարում չկա տուգանքներից, դրա համար չենք անդրադարձել հարցին, թե տուգանքներից ընկերությունը գումարներ ստանալու է, թե ոչ»,-ասաց Հարությունյանը:
Ինչ վերաբերում է տեսագրության տրամադրմանը, ապա ընկերության տնօրենը պնդում է, որ իրենք կարող են և պատրաստ են տրամադրել տեսագրությունը:
«Տեսախցիկները տեղադրված են բացառապես անվտանգության երաշխիքներով, իսկ վերահսկողությունը` վճարման հետ կապված, իրականացվում է բացառապես շրջիկ մեքենաների միջոցով»,-ասաց Հարությունյանը, ավելացնելով, որ այն ավտոկայանատեղիներում, որտեղ կահավորումն ամբողջությամբ չի իրականացվել, կայանած ու չվճարած քաղաքացիների նկատմամբ պատասխանատվություն չի կիրառվում:
«Կենտրոնում մի 2-3 փողոց կա` Խանջյան, Կորյուն, Ալեք Մանուկյան, երևի այդքանը»,-դեռևս ամբողջությամբ չկահավորված ավտոկայանատեղիների հասցեները մատնանշեց ընկերության տնօրենը:
Նախորդող հրապարակում`
«Փարկինգ Սիթի Սերվիս». Տուրք վճարողները բոլոր դեպքերում էլ կարող են ստանալ անդորագիր
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում