Սահմանամերձ գյուղերի երեխաներին շնորհավորեց երկրի ղեկավարը (Լուսանկարներ)
Նախագահ Սերժ Սարգսյանն ու Առաջին տիկին Ռիտա Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում տոնական ընդունելություն էին կազմակերպել սահմանամերձ գյուղերի 200 երեխաների համար: Երեխաներին տոնական տրամադրությունն ապահովելու համար նրանց դիմավորեցին նաև հայտնի մուլտհերոսներն ու Ամանորի ամենագլխավոր դերակատարները` Ձմեռ պապն ու Ձյունանուշը:
Երեխաները ժամանել էին սահմանամերձ բազմաթիվ գյուղերից՝ Գեղարքունիքի Ճամբարակից, Վահանից, Վայոց Ձորի մարզի Խնձորուտից, Բարձրունիից, Խաչիկից, Սերսից, Արարատի մարզի՝ Երասխից, Տավուշի մարզի Բարեկամավանից, Բերդավանից և այլն: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և երեխաների ներկայությամբ էլ վառվեցին նստավայրի գեղեցիկ տոնածառի լույսերը, իսկ երեխաները հնարավորություն ունեցան անձամբ շփվել երկրի ղեկավարի հետ:
Ողջունելով երեխաներին նստավայրում` ՀՀ նախագահը շնորհավորեց նրանց տոների կապակցությամբ, հորդորեց լավ սովորել, ինչպես նաև իրենց վարքով ուրախացնել ծնողներին.
«Լավ սովորեք, որպեսզի դառնաք մեր երկրի լավ քաղաքացի, ակտիվ քաղաքացի, ու լինեք կյանքում հաջողված մարդիկ»,- նշեց Սերժ Սարգսյանը: Երկրի ղեկավարը նաև նշեց, որ միշտ ցանկացել է, որպեսզի բոլոր երեխաներն ու երիտասարդներն ունենան իրենց դրսևորելու հնարավորություններ ու հավաստիացրեց, որ պետության կողմից ամեն ինչ արվել ու արվում է այդ հնարավորություններն ստեղծելու համար:
Նախագահը զրուցեց նաև երեխաներին ուղեկցող մանկավարժների հետ, հետաքրքրվեց սահմանամերձ համայնքների խնդիրներից: Այդպես, Տավուշի մարզի Այգեպար գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Մելանյա Պապյանը, ում հետ Սերժ Սարգսյանը բավականին երկար զրուցեց, Panorama.am-ին տեղեկացրեց, որ նախագահը հետաքրքրվել է, թե ինչ խնդիրներ ունի Այգեպարը, ինչպես նաև կոնկրետ դպրոցը:
«Նախագահը հետաքրքրվեց գյուղի իրավիճակից, ասաց, որ շատ խնդիրներից տեղյակ է: Դպրոցի խնդիրներից նշեցի այն, որ դպրոցը գազաֆիկացված չէ, թեև համայնքը գազաֆիկացված է, իսկ բացի այդ անմխիթար վիճակում է: Նախագահը հետաքրքրվեց` ո՞րն է ավելի կարևոր, ես էլ նախագահից խնդրեցի, որ դպրոցը վերանորոգեն»,- նշեց տիկին Մելանյան ու հավելեց, որ Սերժ Սարգսյանը խոստացել է հարցին լուծում տալ:
Իսկ Խաչիկ գյուղի դպրոցի ուսուցչուհին տեղեկացրեց, որ երեխաները Երևան են ժամանել նախօրեին, նրանց համար մշակութային միջոցառումներ են կազմակերպվել` այցելել են պատկերասրահ, եղել Տիկնիկային թատրոնում, երեկոյան Հանրապետության հրապարակում դիտել են Ամանորի կապակցությամբ անցկացված տոնական միջոցառումը, ու մեծ տպավորություններով կվերադառնան տուն:
Նշենք, որ տոնական միջոցառումները երեխաների համար նստավայրում Բաղրամյան 26-ում կշարունակվեն նաև հետագա երկու օրերին՝ դեկտեմբերի 24-25-ին: Վաղը, մասնավորապես, կհյուրընկալվեն սիրիահայ երեխաները, զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների, արցախյան ազատամարտի մասնակից վետերանների և զինծառայողների երեխաներն ու թոռնիկները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, իսկ դեկտեմբերի 25-ին՝ հանրակրթական դպրոցների բարձր առաջադիմություն ցուցաբերած երեխաները՝ ընդհանուր առմամբ շուրջ 1000 երեխա:
Ողջ ֆոտոշարքն այստեղ` ՀՀ նախագահն ու Առաջին տիկինն ընդունեցին սահմանամերձ գյուղերի 200 երեխաների
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում