2 սցենարի կանխատեսում` Նախիջևանում առանձին բանակի կազմավորման մասին
«Նախիջևանի ինքնավար Հանրապետությունում առանձին համազորային բանակ հիմնելու վերաբերյալԱլիևի հրամանն արդեն հրապարակվել է, սակայն թե ինչ քայլեր կհետևի դրան ու իրականում ինչ փոփոխություններ կմտցվի Նախիջևանում դեռ պարզ չէ»,- Panorama.am-ի հարցին, թե ինչ փոփոխություններ են ակնկալում Նախիջևանում` այնետղ տեղակայված ադրբեջանական 5-րդ բանակային կորպուսը առանձին համազորային բանակի վերածելու դեպքում, ասաց ռազմական փորձագետ Սամվել Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահը հրաման է ստորագրել Նախիջևանի ինքնավար Հանրապետությունում առանձին համազորային բանակ (Отдельной общевойсковой армии) հիմնելու վերաբերյալ` հրամանատար նշանակելով գեներալ-լեյտենանտ Քերեմ Մուստաֆաևին: Նշենք, որ միջազգային պրակտիկայում համազորային բանակ ասելով նկատի ունեն ռազմական միավոր, որն ունակ է ինքնուրույն մարտական խնդիր լուծել:
Համաձայն վերոնշյալ հրամանի, խնդիր է դրված ամրապնդելու Նախիջևանի պաշտպանունակությունը, բարձրացնել զինված ուժերի զորամիավորումների ու զորամասերի մարտական պատրաստականությունը` նախկին 5-րդ կորպուսի հիման վրա ստեղծելու առանձին համազորային բանակ:
Ս. Պետրոսյանի խոսքերով, դեռևս հստակություն չկա Ադրբեջանի իրական նպատակների մասին, սակայն երկու սցենար է կանխատեսում.
«Առաջին, միայն թղթի վրա Նախիջևանում տեղակայված զորքերը կփոխեն կարգավիճակը, ինչը առաջին հերթին այնտեղ տեղակայված 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի ամբիցիաների խնդիրը կլուծի` հաշվի առնելով վերջինիս ամբիցիաները: Երկրորդ, Ադրբեջանը փորձում է իսկապես ամրացնել սահմանի այդ հատվածը` ստիպելով մեզ լրացուցիչ ուժեր տեղակայել սահմանի այդ հատվածում»:
Ռազմական փորձագետը հիշեցրեց, որ Նախիջևանը գտնվում է Թուրքիայի անմիջական ազդեցության գոտում ու չբացառեց, որ Անկարան Նախիջևանում վերակազմավորվող բանակի միջոցով կփորձի լրացուցիչ լարվածություն մտցնել տարածաշրջանում:
Նույն թեմայի շուրջ, Ադրբեջանի Ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնի ղեկավար Ջասուր Սումերենլին «Մինվալ.ազ»-ի հետ զրույցում նշել է, թե բանակային կորպուսը առանձին բանակի վերածելու մասին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացրած փաստարկները աբսուրդային են: Նա նշել է, որ եթե նպատակը 5-րդ բանակային կորպուսն առավել մարտունակ դարձնելն է, ապա առանց առանձին բանակի վերածելով էլ հնարավոր էր էական փոփոխություններ մտցնել նրանում: