Ա.Մինասյան. Եթե Ս.Ավետիսյանը չպաշտպանի մեր դիրքորոշումը, մենք կպահանջենք հանձնաժողովի ղեկավար կազմի փոփոխություն
Դեկտեմբերի 26-ին ԱԺ հաշվիչ հանձնաժողովում ՀՅԴ, ԲՀԿ, ՀԱԿ և «Ժառանգություն» խմբակցությունների անդամները հրավիրելու են հաշվիչ հանձնաժողովի արտահերթ նիստ: Այս մասին քիչ առաջ Ազգային Ժողովում հայտարարվել է ներկայացուցիչների հրավիրված համատեղ ասուլիսում:
«Հայ- ռուսական համաձայնագրերը վավերացված լինել չեն կարող, քանի որ հաշվիչ հանձնաժողովը լիարժեք չի գործել` հանձնաժողովի յոթ հոգուց չորսը ձայների հաշվարկին չեն մասնակցել»,- հայտարարեցին հանձնաժողովի անդամներ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը, ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը: ՀՅԴ ներկայացուցիչը, մասնավորապես, տեղեկացրեց, որ նախօրեին Հաշվիչ հանձնաժողովը, փաստացի, չի գործել, քանի որ նման խնդիր ԱԺ ղեկավարության կողմից առաջադրված չի եղել:
Ա.Մինասյանը նշեց.
«Հաշվիչ հանձնաժողովի չորս անդամներս` Լյուդմիլա Սարգսյան, Արծվիկ Մինասյան, Տիգրան Ուրիխանյան, Թևան Պողոսյան, դիմում ենք հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանին` տեղեկացնելով, որ դեկտեմբերի 26-ին, ժամը 15-ին հրավիրում ենք հանձնաժողովի արտահերթ նիստ` քվեարկության հաշվարկման օրինականության հարցը և կազմակերպական հարցեր քննարկելու համար»,- հայտարարեց նա ու հավելեց` նիստը լինելու է դռնբաց:
Այն հարցին, թե ինչ են պատրաստվում անել նիստը հրավիրած հանձնաժողովի անդամներն այն դեպքում, եթե Սուքիաս Ավետիսյանը նիստին չներկայանա, պատգամավորը նշեց, որ հանձնաժողովի անդամներից չորսն էլ իրավասու են անցկացնել այդ նիստը, իսկ այն վարելու իրավասությունը կարող է ստանձնել հանձնաժողովի քարտուղար Լյուդմիլա Սարգսյանը.
«Եթե Սուքիաս Ավետիսյանը չպաշտպանի մեր դիրքորոշումը, ապա մենք կպահանջենք հանձնաժողովի ղեկավար կազմի փոփոխություն»,- ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարան դիմելու իրենց մտադրությանը, ապա ՀՅԴ-ական պատգամավորը նշեց` եթե ՍԴ-ն բավարարի դիմումը, դա կնշանակի, որ գործընթացը նորից է հարկավոր սկսել` հայ-ռուսական համաձայնագրերը նորից բերել ԱԺ, քննարկել, քվեարկել :
Նախորդիվ`
Ն.Զոհրաբյան. ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» մեկ ժամից հանդես կգան հայտարարությամբ