Կարծիքներ` սահմանագծում շարունակվող միջադեպերի վերաբերյալ
Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից մեկ ամիս է անցել ու այս ընթացքում, ադրբեջանցի դիպուկահարների գործողությունների արդյունքում մեկ հայ զինծառայող զոհվել է, ևս երկուսը վիրավորվել:
Երկու նախագահների` Վիեննայում կայացած հանդիպումից հետո, երբ հայտնի դարձավ, որ նախագահները պայմանավորվել են առավել ակտիվորեն շարունակել հանդիպումները, միջնորդները կողմերին կոչ արեցին` հնարավորինս զերծ մնալ այնպիսի հայտարարություններից ու գործողություններից, որոնք կարող են վնաս հասցնել բանակցային գործընթացին:
Panorama.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը նշեց, որ տարատեսակ սադրանքներն Ադրբեջանի համար գործելաոճ են դարձել:
«Ընդ որում` Ադրբեջանի նման քայլերի է գնում նույնիսկ այն ժամանակ, երբ համանախագահները տարածաշրջանում են լինում կամ բանակցությունների վերաբերյալ որևէ լավատեսական միտք արտահայտում: Մի կողմից, նրանք իրենց համաձայնություն են տալիս բանակցությունների շարունակմանը, մյուս կողմից շարունակում են խախտել հրադադարի ռեժիմի կանոնները` լրացուցիչ խնդիրներ ստեղծելով բանակցությունների համար»,- նշեց Դ. Բաբայանը:
Ըստ բանախոսի` Ադրբեջանի ագրեսիվ մոտեցումները նաև դրսևորվում է նրանով, որ անընդհատ ադրբեջանական լրատվամիջոցներով արտահայտում են հայկական հողերի նկատմամբ ունեցած հավակնությունների ու մտադրությունների մասին:
Նրա խոսքերով, Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններն ու ձեռք բերված պայմանավորվածությունները հակասում են նրա գործողություններին:
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարեն Սարիբեկյանը նշեց, որ «Ադրբեջանի ղեկավարությունն անպատասխանատվություն է դրսևորում, ինչի արդյունքում սահմանագծում երկուստեք զոհեր ու վիրավորներ են գրանցվում, իսկ իրավիճակը շարունակում է լարված մնալ»:
«Բանակցություններում չի կարող դրական պրոցես սկսվել, եթե սահմանին շարունակվում են զոհեր ու վիրավորներ գրանցվել, մինչև Ադրբեջանը վերջ չդնի իր այդ գործելաոճին, լուրջ ակնկալիքներ բանակցային գործընթացից չեն կարող լինել»,- հավելեց նա:
Panorama.am-ի հետ զրույցում, ռազմական փորձագետ Գագիկ Կարապետյանը, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, նշեց, որ «Ադրբեջանն իր պահվածքով, որպես պետական միավոր, չի կարող ներկայանալ»:
«Ադրբեջանի նախագահն այս գործողություններով փորձում է ամրապնդել իր դիրքերը, միաժամանակ իր հասարակության հիշեցնել Ղարաբաղի հարցի գոյության մասին: Սա մեկ նախադասությամբ կարելի է բնութագրել որպես` պայքարի իմիտացիայի ստեղծում»:
Նախորդիվ`
Առաջին զոհը` նախագահների հանդիպումից հետո