Դ. Բաբայան. Բարդ տարի` բանակցային գործընթացի համար
«Դժվար է ակնկալել համապարփակ կարգավորում, այս պահին բանակցային գործընթացը պետք է դիտարկենք երկու հիմնական հարթությունում: Առաջին, պետք է հաշվի առնել, որ բանակցային գործընթացը երկարատև է, իսկ դրա վերջին փուլը նույնիսկ չի էլ նշմարվում: Երկրորդ, բանակցությունները պետք է դիտարկել որպես կայունության և խաղաղության պահպանում, որի հարցում առաջընթաց կա»,- ամփոփելով 2013 թվականի բանակցային գործընթացում նկատվող զարգացումները` Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքերով, քանի տարածաշրջանում հարաբերական խաղաղությունը պահպանվում է, իսկ բանակցային գործընթացը շարունակվում է` կարելի է արձանագրել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն իրենց խնդիրը կատարում են:
«Սա այսօր առաջնային է, քանի որ բուն հարցի կարգավորման առումով, կողմերն ունեն տրամագծորեն տարբեր մոտեցումներ, բանակցային գործընթացի ձևաչափը խեղաթյուրված է, իսկ Ադրբեջանը շարունակում է իր ֆաշիստական քաղաքականությունը, որը ամենամեծ խոչընդոտներից է կարգավորման ճանապարհին»,- նշեց Դ. Բաբայանը:
Հարցին, թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ համանախագահներն այս այցի ընթացքում հանդիպումներ ունեցան նաև քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչների հետ, ինչպես եք գնահատում այդ հանգամանքը, վերջինս նշեց. «Ողջունելի է այն առումով, որ համանախագահները նման ձևով հնարավորություն են ստանում անմիջական պատկերացում ստանալ հասարակության բոլոր շերտերից, մտքեր փոխանակում ստեղծված իրավիճակի վերաբերյալ»:
Դ. Բաբայանը նշեց, որ 2013 թվականը բանակցային գործընթացի տեսանկյունից բավականին բարդ տարի էր. «Գործընթացը գրեթե փակուղում էր և միայն մեծ ջանքերի գնով հնարավոր դարձավ փոքր-ինչ նոր շունչ հաղորդել պրոցեսին, ինչը ևս առաջընթաց էր: Ակնկալել ավելի մեծ տեղաշարժեր` դեռևս շատ վաղ է»:
Հարցին, թե ինչ նկատի ուներ ամերիկացի համանախագահ Ուորլիքը, երբ ակնարկում է ԼՂ հարցում Թուրքիայի դերակատարության մասին, բանախոսը նշեց, որ համանախագահը Ստեփանակերտում պարզաբանելով դա, նշել է, որ Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը չպետք է կապի ԼՂ հիմնախնդրի հետ, ինչպես նաև պետք է զարգացնի հարաբերությունները Հայաստանի հետ:
Ըստ Դ. Բաբայանի` Թուրքիան դրական դերակատարություն կունենա ԼՂ հարցում, եթե առհասարակ չխառնվի այդ պրոցեսին, ինչպես նաև կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ:
«Այլ կերպ, Թուրքիայի որևէ ձևով կամ կարգավիճակով բանակցություններում ակտիվանալու մասին խոսք անգամ չի կարող լինել»,- հավելեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան