Կրթության նախարարությունը, հնարավոր է, տեղափոխվի Էջմիածին
Կառավարության 3-րդ շենքը, որտեղ տեղակայված են մի շարք նախարարություններ, կաբինետից կաբինետ լուրեր են շրջանառվում, որ հնարավոր է մարզեր տեղափոխվեն ոչ միայն սպորտի և երիտասարդության հարցերի և մշակույթի նախարարությունները, այլ նաև այլ գերատեսչություններ:
Սպորտի և մշակույթի նախարարությունների տեղափոխումը խուճապի է մատնել շատերին, քանի որ այն երևանաբնակների համար իսկական բոթ է: Երևանից մարզ գնալը և ճանապարհի, և ժամանակի և աշխատավարձի առումով ձեռնտու չէ մարդկանց: Դա նշանակում է, որ իրենց գործազրկություն է սպասվում, փոխարենը Շիրակի մարզի մի քանի հարյուր հոգու համար աշխատատեղ կբացվի:
Բայց կառավարությունից երեկ «Հրապարակ»-ի թղթակցին վստահեցրել են, որ բացի վերոնշյալ երկու նախարարություններից, այլ նախարարությունների մասին խոսք չի գնում և խուճապն անհիմն է: Հարցին, թե հնարավո՞ր է ձեր նախարարությունն էլ տեղափոխվի Էջմիածին, Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն արձագանքել է` լավ միտք է և հեռացել է` առանց երկար-բարակ խոսելու: Երեկ «Հրապարակ»-ը կառավարությունից տեղեկացել է, որ ամենայն հավանականությամբ այսօր կձևավորվի վերոնշյալ գերատեսչությունների և մի քանի ՊՈԱԿ-ների տեղափոխման հարցերով հանձնաժողովը»: