«Վեստի.ազ». Չնայած Ադրբեջանում մսի սպառման ցածր ցուցանիշներին, պաշտոնյաները մտադիր են նվազեցնել անասունների գլխաքանակը
«Կասկած չկա, որ Ադրբեջանի պաշտոնատար անձինք ուղղակի ծաղրում են հասարակ բնակչությանը: Նրանք նույնիսկ չեն էլ փորձում թաքցնել դա: Ընդհակառակը, իրենց գործունեությամբ և հայտարարություններով նրանք ցույց են տալիս, թե ինչքան հեռու են հասարակ ժողովրդի իրական կյանքից: Ադրբեջանի պաշտոնյաները օգտվում են կյանքի բոլոր բարիքներից և ճոխություններից: Ընդ որում, ճոխության մեջ ապրում են ժողովրդի հաշվին, ում էլ արհամարհանքով են վերաբերվում»,- գրում է «Վեստի.ազ» ադրբեջանական լրատվական գործակալությունը:
Հեղինակը նշում է, որ «կուշտը սովածին չի հասկանա» արտահայտությունը հենց ադրբեջանական իրականության համար է ասված: Հոդվածում ասվում է, որ 2013թ.-ի վերջին շրջանը Ադրբեջանի համար նշանավորվեց վառելիքի գնաճով և պատգամավորների և դատավորների աշխատավարձերի բարձրացումով: Պատգամավորներից ոմանք նույնիսկ փորձում էին արդարացնել գնաճը` ծիծաղելի փաստարկներ բերելով. «դա կնպաստի խցանումների կրճատմանը»: Բնականաբար, ոչ մի նման բան տեղի չունեցավ:
«Հասարակ ժողովուրդը պատվով դիմացավ վառելիքի գնաճին, իսկ Սակագնային խորհրդի պաշտոնյաները «դիտավորյալ» շարունակում են մեքենա վարել ` նախընտրելով կրճատել իրենց ընտանեկան բյուջեն, բայց չերթևեկել հանրային տրանսպորտով: Հասարակ մարդիկ շուտ համակերպվեցին իրականության հետ, և հավանաբար, դա զայրացրեց պաշտոնյաներին, ովքեր էլի մի նոր փորձություն մտածեցին մեզ համար»,-ասվում է հոդվածում:
Հեղինակը նշում է, որ ըստ Ադրբեջանի պաշտոնյաների` ժողովուրդը շատ է ուտում և ամբողջովին ճարպակալել է: «Մի խոսքով, ինչպես ասվում է ուղեղները յուղով է պատվել, ինչն էլ բացասական ազդեցություն է ունենում հասարակության կրթության վրա: Այսպիսով, հորինեցին մի միջոց, որ մեկընդմիշտ վերջ տան այս երևույթին»:
«Պարզվում է, ադրբեջանցիները չարաշահում են մսի օգտագործումը: Բարեբախտաբար, ինչպես պարզվեց, մենք այնքան շատ միս ունենք, որ ժամանակն է արդեն հրաժարվել դրանից: Եվ կարիք չկա անհանգստանալու, որ կան ընտանիքներ, ովքեր ամիսներ շարունակ միսը միայն հեռուստատեսությամբ են տեսնում, մեր վիճակագրությունը հակառակն է ապացուցում: Եվ ըստ երևույթին` հիմնվելով մեր, աշխարհում ամենաճշգրիտ վիճակագրության վրա, Ադրբեջանում խոսում են խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը քչացնելու մասին», - գրում է հեղինակը` ընգծելով, որ հանգել է նման եզրակացության` ելնելով Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարության անասնաբուծական արտադրանքի և արոտավայրերի հարցերով բաժնի պետ Չինգիզ Ֆարաջևի խոսքերից:
Ֆարաջևը հայտարարել էր, որ Ադրբեջանում անասնաբուծությունը զարգանում է աննախադեպ արագությամբ: Ներկայումս երկրում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը 2,712 միլիոն է: Սակայն, այսքան մեծ քանակությամբ կենդանիներ պահելը անհրաժեշտ չէ:
Պաշտոնյան նշել էր, որ Ադրբեջանում հողը և կերը քիչ են, կենդանիները քանակը պետք է կրճատել և զուգահեռ մեծացնել նրանց արտադրողականությունը: «Այն պայմանով, որ տարեկան կովերից և գոմեշներից 2500-3000 կգ կաթ ստանանք, խոշոր եղջերավորների գլխաքանակը պետք է կրճատենք մինչև 1,8 միլիոն»,- ասել էր Ֆարաջևը:
Պաշտոնյայի այս հայտարարության հետ կապված հեղինակը ծաղրանքով նշում է. «Ես գիտեի, որ նման արագ տնտեսական աճը ոչ մի լավ բանի չի բերի: Մենք այնքան առաջ ենք անցել ամբողջ մոլորակից, որ հիմա չգիտենք, թե մսի ավելցուկի հետ ինչ անենք: Չնայած` եթե ի տարբերություն ամբողջ աշխարհի, մենք մսի ավելցուկ ունենք, ապա Ադրբեջանի իմիջը միջազգային հարթակներում ամրապնդելու համար կարող ենք հումանիտար օգնություն ուղարկել Սոմալիի, Ուգանդայի և Նիգերիայի սովամահ լինողներին»:
Հոդվածի հեղինակին հետաքրքրում է, գիտեն արդյոք Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարության պաշտոնյաները, թե երկրում ինչ արժե մեկ կիլոգրամ տավարի միսը: «Եթե ոչ, ապա տեղեկացնեմ, որ 1կգ նորմալ տավարի միսը արժե 10 մանաթ ($12,7` խմբ.): Իսկ այժմ ներկայացնեմ, թե ինչ կլինի եթե խոշոր եղջերավոր անասունի գլխաքանակը կրճատվի երեք անգամ: Տավարի մսի գները կավելանան 3 անգամ և ամենալավ դեպքում, կհասնեն 13 մանաթի ($16,5 `խմբ.): Բայց հաշվի առնելով այն փաստը, որ մեր պաշտոնյաները կարողանում են միայն իրենց համար շահով հաշվարկներ անել, կարելի է ասել, որ գինը կդառնա 15 մանաթ ($19 ` խմբ.)»,- ասվում է հոդվածում:
Վերադառնալով ադրբեջանական վիճակագրությանը` հեղինակը նշում է, որ Ադրբեջանում յուրաքանչյուր մարդ տարեկան միջինում օգտագործում է 33.2կգ միս, 250գ կաթ և 133 հատ ձու: Ըստ Առողջապահական համաշխարհային կազմակերպության` մսի սպառումը մեկ շնչի հաշվով տարեկան պետք է լինի 70,1 կգ, կաթը`359.9 կգ, ձուն`243 հատ:
«Այսինքն, մենք 6,9 կգ մսի, 110 ձվի , և 109,9 կգ. կաթի պակաս ունենք: Սակայն վերը նշված իմաստուն որոշումը ընդունելու դեպքում մսի չարաշահումից «գիրացած» ադրբեջանցիները կկարգավորեն իրենց կազմվածքը: Սակայն կաթ շատ կխմենք: Այնպես որ առաջ դեպի բուսակերության հաղթանակը Ադրբեջանում: Չնայած մեր ինչին է պետք միսը, ասում են այն ծերացնող հատկություն ունի: Իսկ մենք պետք է մնանք երիտասարդ, որպեսզի հասցնենք հասնել և անցնել Նորվեգիային և Շվեցարիային»,- գրում է «Վեստի.ազ»-ը:
Հիշեցնենք, որ ըստ Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարության` երկրում մսի օգտագործումը կազմում է 288 հազար տոննա, 38կգ ` յուրաքանչյուր քաղաքացուն (բնակչության քանակը` ըստ պաշտոնական տվյալների): Հատկանշական է սակայն, որ ըստ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների` 2012 թ.-ին մսի օգտագործումը երկրում կազմել է 136.5 հազար տոննա (ձուկը չհաշված): Մեկ շնչին`45,5կգ միս տարեկան, այսինքն 47%-ով ավելի, քան Ադրբեջանում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա