ՀՀ փաստաբանների պալատի հայտարարությունը պարտադիր կուտակային բաղադրիչի մասին
ՀՀ փաստաբանների պալատը մտահոգված է 2014 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակային նոր համակարգի, մասնավորապես՝ պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրմամբ:
Չանդրադառնալով նշված «նորամուծության» սոցիալ-տնտեսական ազդեցությանը, քանի որ դրա համար համապատասխան մասնագիտական գիտելիքներ են անհրաժեշտ՝ ՀՀ փաստաբանների պալատը հարցին մոտենում է զուտ իրավական տեսանկյունից, առ այն, որ պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրումը նախ և առաջ հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Այս առումով ՀՀ փաստաբանների պալատը համակարծիք է ՀՀ պատգամավորների կողմից «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) որոշ դրույթներ հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարան ներկայացված դիմումում մատնանշված հիմնավորումների հետ: Այսպես՝
1. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Պարտադիր կուտակային բաղադրիչին պարտադիր կարգով մասնակցում են 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված անձինք: Հետևաբար, նշված դրույթը հակասում է ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածով ամրագրված օրենքի առջև բոլորի հավասարության (այդ թվում նաև՝ անկախ տարիքից) սկզբունքին: Մասնավորապես և հատկապես ուշագրավ է այն փաստը, որ քննարկվող Oրենքի ուժով սահմանափակվում է անձին պատկանող սեփականությունը իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու անձի սահմանադրական իրավունքը, Օրենքի ուժով խտրական պայմաններ են սահմանվում կախված 1) տարիքից և 2) անձանց գույքային վիճակից, անձանց իրավական վիճակը վատթարացնող իրավական ակտին (Օրենքին) տրվում է հետադարձ ուժ` փաստացի տարածելով դրա գործողությունը մինչև 2014թ. հունվարի 1-ը ծագած աշխատանքային և այլ իրավահարաբերություններին։
2. Օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված աշխատավարձից կուտակային վճարի պահումը խախտում է ՀՀ Սահմանադրության 8-րդ և 31-րդ հոդվածներով երաշխավորված անձի սեփականության իրավունքը:
3. Պարտադիր կուտակային վճար վճարելը չի կարող դիտարկվել որպես ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածով նախատեսված պարտադիր այլ վճարումներ վճարելու պարտականություն, քանի որ այն չի մուտքագրվելու պետական կամ համայնքային բյուջե (ՍԴՈ 753 որոշում), հետևաբար նշված դրույթը հակասում է ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածին:
4. Պարտադիր կուտակային վճար վճարելը հակասում է ՀՀ Սահմանադրության 1-ին, 34-րդ, 37-րդ և 48-րդ հոդվածներին, այն առումով, որ ՀՀ Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը հռչակվել է որպես սոցիալական պետություն, և պետության պարտականությունն է պայմաններ ստեղծել բարելավելու անձանց, այդ թվում նաև՝ տարեցների կենսապայմանները:
5. Օրենքը հակասության մեջ է նաև ՀՀ Սահմանադրության 117-րդ հոդվածի հետ, մասնավորապես այն առումով, որ սոցիալական ոլորտում պետությունն ստանձնելով որոշակի հանրային-իրավական պարտավորություններ` չի կարող կամայականորեն հրաժարվել դրանց կատարման պարտականությունից:
6. Համաձայն ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն: Օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը: Այլ իրավական ակտերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը և օրենքներին։
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ՀՀ փաստաբանների պալատը գտնում է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը պարտադիր կուտակային բաղադրիչի մասով չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ`
Արա Զոհրաբյան