«Հայկական լեռնաշխարհից ծնված ոգին» մրցույթ-փառատոնին ներկայացված աշխատանքները 18 երկրներից են
ՀՀ կրթության և գիտության նախարարության Գեղագիտության ազգային կենտրոնում այսօր ամփոփվել են համահայկական մանկապատանեկան չորրորդ նկարչական մրցույթ-փառատոնի արդյունքները: Այս մասին տեղեկացնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը:
Մասնակիցներին շնորհավորել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Ընդգծելով, որ Սփյուռքի կրթօջախների սաների մասնակցությամբ անցկացվող նկարչական մրցույթն արդեն ավանդական է դարձել, Մկրտչյանը նշել է, որ միջոցառման գլխավոր ձեռքբերումը Սփյուռքում ապրող երեխաների կապն է հայրենիքի հետ.
«Հատկապես այս տարվա «Հայկական լեռնաշխարհից ծնված ոգին» խորագիրը, կարծում եմ, խորհրդանշական է, և դուք բոլորդ իսկապես կրում եք լեռնաշխարհի հայկական ոգին, որն արտահայտել եք ձեր նկարներում: Աշխարհի որ անկյունում էլ լինի, հայ երեխայի հայրենիքի պատկերացումներն ու ընկալումները յուրովի և միաժամանակ առնձնահատուկ ընդհանրություն ունեն: Համոզված եմ՝ այն սերն ու հայրենիքի կարոտը, որը պատկերել եք ձեր նկարներում, կդառնան ձեր ազգային և քաղաքացիական արժեհամակարգի հիմքն ու մշտական ուղեկիցը»:
«Հայկական լեռնաշխարհից ծնված ոգին» խորագիրը կրող մրցույթ-փառատոնին այս տարի ներկայացվել են 6-18 տարեկան երեխաների աշխատանքներ 18 երկրներից՝ Աբխազիա, Ուկրաինա, Վրաստան, ԱՄՆ, Արգենտինա, Իրան, Լիբանան, Մեծ Բրիտանիա, Ղազախստան, Ուզբեկստան, Ուրուգվայ, Սիրիա, Ֆրանսիա, Քուվեյթ, Ռուսաստան, Հարավային Օսիա, Հայաստան և Արցախ:
Ընդհանուր առմամբ՝ մրցույթին մասնակցել են Սփյուռքի շուրջ 30 կրթօջախների, Հայաստանի տարբեր մարզերի և Լեռնային Ղարաբաղի արվեստի և հանրակրթական դպրոցների սաներ:
Հաշվի առնելով թեմայի բարդությունը և ուսումնական բնույթը ` առաջին փուլի մեկնարկից առաջ մանկավարժների համար կազմակերպվել է մեթոդական սեմինար: Մրցույթ-փառատոնն անցկացվել է երկու փուլով: Առաջին փուլում մասնակիցները էլեկտրոնային տարբերակով ժյուրիին են փոխանցել իրենց նկարները, որոնցից լավագույններն ընտրվել են ցուցահանդեսի կազմակերպման համար, իսկ հետագայում ներառվել են պատկերագրքում: Երկրորդ փուլ անցել է 350 աշխատանք, որի արդյունքներով շնորհվել է 10 հիմնական և 48 խրախուսական մրցանակ:
Լավագույններին տրվել են նաև առցանց քվեարկության մրցանակներ, ինչպես նաև ՀՀ ԿԳ նա խարարի պատվոգրեր և շնորհակալագրեր: Մրցույթին ներկայացված աշխատանքններով հրատարկվել է պատկերագիրք: Մրցույթ-փառատոնի կազմակերպմանն աջակցել է «Արմենթել» ընկերությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա