Կյանքում առաջին անգամ մտածել եմ Հայաստանը լքելու մասին. Հայկ Ալումյանն է ամփոփում 2013-ը
Հայաստանի Փաստաբանների պալատի անդամ, հայտնի փաստաբան Հայկ Ալումյանը տարվա ընթացքում ունեցած մասնագիտական հաջողությունները չի էլ ցանկանում նկատել. դրանց վրա սև բիծ է թողել Գորիսում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործի ելքը, երբ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին ու թիկնապահը ազատ արձակվեցին՝ այդպես էլ չպատժվելով Ավետիք Բուդաղյանի մահվան համար:
«Խիստ բացասական արդյունքների տարի պիտի համարեմ: Բուդաղյանների հայտնի գործը, որը ապացուցեց մեզ, որ Հայաստանում սկսած քննչական ապարատից, դատախազություններով ու դատարաններով ավարտած, արդարության մասին խոսելն առայժմ անհնար է: Եթե կողմերից մեկը մի մարդ է, որը վայելում է իշխանությունների հովանավորությունը, ինչքան էլ աղաղակող, ինչքան էլ սարսափելի հանցագործություն կատարված լինի, դա ոչ մի նշանակություն չունի: Սա մասնագիտական գործունեության ընթացքում հասցված իմ մեծագույն հարվածն էր: Գիտեք, երբեք չեմ հասկացել այն մարդկանց, ովքեր Հայաստանից հեռանում են, բայց կյանքում առաջին անգամ այս երկիրը լքելու միտք առաջացավ, երբ իմացա այդ որոշումների մասին, որոնց համաձայն, Սուրիկ Խաչատրյանի որդին ու նրա թիկնապահը ազատ են արձակվել», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տարին է ամփոփում Հայկ Ալումյանը:
Այնուամենայնիվ, փաստաբանը վճռական է, 2014-ից այս գործի հետ կապված մեծ սպասելիքներ ունի և օրենքով չարգելված ամեն ինչ պատրաստ է անել, որպեսզի այս գործով արդարացի որոշումներ կայացվեն: «Ես կպայքարեմ, ամեն ինչ կանեմ, որ այս գործով իրավիճակը շտկեմ: Ամեն ինչ, օրենքով չարգելված բոլոր միջոցները կներդրվեն հանուն այդ նպատակի: Ի վերջո, մեր նպատակներից մեկն էլ նաև այն է, որ հասնենք այդ անձնաց պատասխանատվության, որպեսզի այդպիսի դեպքեր չկրկնվեն: Կա մարդկանց մի կատեգորիա, որոնք ապրում են անպատժելի լինելու կանխավարկածով: Եթե այդ կանխավարկածը չլիներ, կարող է պատահի այդ զոհերը չլինեին, կարող է մարդիկ կրակելուց առաջ մտածեին ու չկրակեին»,- նկատում է Ալումյանը:
Անհաջողությունների կողքին նաև հաջողություններ են եղել՝ Մատաղիսի հայտնի գործով արդարացման վճիռը մնացել է ուժի մեջ, ավելին, այս գործով նոր նախաքննություն է սկսվել և Հայկ Ալումյանը դարձյալ ներգրավված է: Մյուս հաջողությունը «Նարեկացի» արվեստի միության նախագահ Նարեգ Հարթունյանի արդարացումն էր: «Ինձ շատ ոգևորում են այդ հաջողությունները, բայց կրկնում եմ, որ այդ ամենը չի երևում Բուդաղյանների գործի նման ելքի պատճառով: Առայժմ չեմ կարողանում ուշքի գալ: Չէ՞ որ աղաղակող խախտումներ են տեղի ունեցել», -հավելում է Հայկ Ալումյանը:
2013-ին կազմակերպված երկօրյա գործադուլ-դատադուլը, որը կազմակերպած նախաձեռնող խմբի անդամ էր նաև Ալումյանը, արդյունքներ տվել է: «Ես միշտ ասել եմ, որ փաստաբանների գործադուլի նպատակն այն է, որ ցույց տանք, որ նման մի պրոբլեմ կա ու դա շատ սուր է: Եթե այդ տեսանկյունից գնահատենք իհարկե, արդյունավետ էր ու շատ արդյունավետ: Այդ ակցիայի նպատակն այն էր, որ և իշխանությունները, և հանրությունը տեսնեն, որ այդ խնդիրը կա: Ես կարծում եմ, որ Պաշտպանի զեկույցն էլ իր հերթին գործադուլի հետևանքներից մեկը պետք է համարել: Ամեն մի դրական փոփոխություն հենց այդպես է տեղի ունենում: Մենք հիմա այդ փոփոխությունների սկզբնական փուլում ենք, հույս ունեմ, որ կառողջանա համակարգը: Ես վստահ եմ, որ այն խնդիրները, որոնք բարձրաձայնել ենք գործադուլի ընթացքում, լուծումներ կստանան մոտ ապագայում», -կարծում է հայտնի փաստաբանը:
Ի դեպ, բոլորովին վերջերս Հայկ Ալումյանը լույս է ընծայել «Դատավարական հմտություններ» ուսումնական ձեռնարկը:
Այս շարքից՝
Մեկ տարում՝ 9-ը արդարացում. Փաստաբան Ռուբեն Հակոբյանը 2013-ը աննախադեպ տարի է համարում
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում