Թուրքիայում արդեն երրորդ նախարարը հրաժարական է ներկայացրել
Թուրքիայի կառավարությունում հրաժարական է տվել շրջակա միջավայրի պահպանության և քաղաքաշինության նախարար Էրդողան Բայրաքթարը: Այս օրվա ընթացքում բնապահպանության նախարարը արդեն երրորդ բարձրաստիճան պաշտոնյան է, որ հրաժարվում է իր պաշտոնից` կապված նախորդ շաբաթվա ընթացքում բարձրացած կոռուպցիոն սկանդալի հետ, հաղորդում է թուրքական HurriyetDailyNews լրատվականը:
Բայրաքթարը իր հայտարարության մեջ նշել է, որ իր դեմ հարուցված հետաքննության ընթացքում հիշատակված գրեթե բոլոր քաղաքաշինական ծրագրերը և նախագծերը համաձայնեցված են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
«Ես չեմ համաձայն չեմ այն կարծիքի հետ, որ իմ նկատմամբ ճնշում է գործադրվել: Հրաժարականի մասին դիմումը և հայտարարությունը մեզ ուղարկվել է այսօր: Այսպիսի պայմաններում ես սա մեծ սխալ եմ համարում», - ասել է Բայրաքթարը:
Հիշեցնենք, որ առավոտյան հրաժարական էին ներկայացրել Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամար Գյուլերը և էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը:
Այս բարձրաստիճան պաշտոնյայների հրաժարականը լրջորեն սասանել է գործող կառավարությանը և ավելի է խորացրել Արդարություն և զարգացում կուսակցության ու իսլամիստ գիտնական Ֆեթուլահ Գյուլենի և նրա կողմնակիցների միջև հակասությունը, գրում է պարբերականը: Գյուլենի կողմնակիցները լուրջ պաշտոններ են զբաղեցնում հատկապես ոստիկանության, դատական համակարգի և հատուկ ծառայությունների մեջ:
Հիշեցնենք, որ արդեն ձերբակալվել են 24 անձինք, որոնք մեղադրվում են կաշառակերության և կոռուպցիայի մեջ: Նախորդ շաբաթ սկսված կոռուպցիոն սկանդալը ցնցել է ողջ Թուրքիան, քանի որ ձերբակալվածների մեջ հիմնականում բավականին լուրջ անձինք են, մասնավորապես` ներքին գործերի նախարարի և էկոնոմիկայի նախարարի որդիները:
Դրան ի պատասխան կառավարությունը սկսել է լուրջ կադրային փոփոխություններ իրականացնել ուժային կառույցներում: Ավելի քան 70 պաշտոնյաներ ազատվել են գործից կամ տեղափոխվել են ավելի ցածր պաշտոնների:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում