Մխիթարյան. «Մովսիսյանն ու Օզբիլիսը ևս արժանի էին լավագույնի կոչմանը»
Ինչպես տեղեկացրել էինք, դեկտեմբերի 24-ին կայացել է «ՀՖՖ մրցանակաբաշխություն 2013»-ը, որի ընթացքում հայտնի է դարձել, որ Հայաստանի 2013 թ. «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում կիսվել է տպավորություններով և պատմել ապագա ծրագրերի մասին:
- Ի՞նչ զգացողություններ ունեցար 4-րդ անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու կապակցությամբ:
-Բնականաբար, շատ հաճելի էր Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ազգային հավաքականում բոլոր խաղընկերներիս, որոնց շնորհիվ ես կարողացա հասնել այս հաջողությանը: Յուրա Մովսիսյանը և Արաս Օզբիլիսը նույնպես արժանի էին այդ կոչմանը:
- Մրցանակաբաշխության ընթացքում ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հատուկ տեսաուղերձի միջոցով անձամբ բացեց փակ ծրարը և հայտարարեց քո անունը: Ի՞նչ զգացիր այդ պահին:
- Կարծում եմ՝ ինչպես ինձ, այնպես էլ բոլորի համար դա մեծ անակնկալ էր: Բնականաբար, շատ հաճելի էր, որովհետև ամեն օր չես լսի, որ ՈՒԵՖԱ-ի նախագահն անձամբ հայտարարի քո անունը:
- Մի փոքր կխոսես առաջիկա ծրագրերիդ մասին:
- Դեկտեմբերի 28-ին մեկնում եմ արձակուրդ, իսկ հունվարի 5-ին պետք է միանամ «Բորուսիային», քանի որ թիմը սկսում է մարզումները: Դրանից հետո կանցկացնենք 8-օրյա հավաք իսպանական Լա-Մանգայում և կպատրաստվենք մրցաշրջանի երկրորդ հատվածին:
- Ի՞նչ կմաղթես Ամանորի կապակցությամբ:
- Սրտանց շնորհավորում եմ բոլորի Ամանորը և Սուրբ Ծնունդը: Երկրպագուներին մաղթում եմ, որ միշտ լինեն մեր կողքին, լինեն առողջ: Մաղթում եմ, որ գալիք՝ 2014 թ. լինի հաջողությունների տարի և մենք էլ կարողանանք ուրախացնել մեր երկրպագուներին: