Շուշան Պետրոսյանին դեռ կպահեն վերակենդանացման բաժանմունքում
Վթարի հետևանքով վնասվածքներ ստացած երգչուհի, ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանը շարունակում է մնալ «Նաիրի» ԲԿ-ի վերակենդացման բաժանմունքում:
«Վիրահատություն չի նախատեսվում, վիճակը կայուն է և բավարար, քայլում է»,-Panorama.am-ին ասաց բաժանմունքի վարիչ Անատոլի Գնունին:
Նրա խոսքով, երգչուհուն վերակենդանացման բաժանմունքում պահելով, իրենք փորձում են նրան մեկուսացնել լրագրողներից ու բազմաթիվ մարդկանցից, ովքեր ցանկանում են տեսակցել Պետրոսյանի հետ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին ` ժամը 23.40-ի սահմաններում, Երևանի Գրիգոր Լուսավորչի և Իտալիայի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ռենո» մակնիշի տաքսի և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Ռենո»-ի ուղևորուհին, «Տոյոտա»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, բախման հետևանքով Reno-ն հայտնվել է Մյասնիկյանի արձանի սանդուղքներին, իսկ վթարի հետևանքով Toyota-ի վարորդն ու նրա 2 ուղևորները և Reno-ի ուղևորը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը «Նաիրի», մի մասը` «Էրեբունի» բժշկական կենտրոններ: Reno մակնիշի ավտոմեքենան օգտագործվում է տաքսի ծառայությունում որպես տաքսի, իսկ նրա ուղևորը եղել է Ազգային ժողովի պատգամավոր, ճանաչված երգչուհի Շուշան Պետրոսյանը:
Նախորդող հրապարակում`
Բաժանմունքի վարիչ. Շուշան Պետրոսյանի վիճակը կայուն է, ինքը բավականին ակտիվ է