Դ. Օրլով. Հավանական է` Ռուսաստանը աջակցի Ղարաբաղում հանրաքվեի անցկացմանը
Հավանական է, որ Ռուսաստանը կաջակցի Ղարաբաղում հանրաքվեի անցկացմանը: Այսպես է կարծում «Стратегия Восток-Запад» վերլուծական կենտրոնի տնօրեն Դմիտրի Օրլովը:
Ադրբեջանական «Վեստի.ազ» լրատվական գործակալության կայքը գրում է, թե Օրլովը կարծում է, որ Ղարաբաղի հանրաքվեի ժամանակ կբարձրացվի երեք հարց: Առաջինը ` «Ցանկանու՞մ եք լինել սուվերեն հանրապետություն», երկրորդը` «Ցանկանու՞մ եք լինել Ադրբեջանի կազմում» և երրորդը`«Ցանկանու՞մ եք լինել Հայաստանի կազմում»:
Այնուամենայնիվ, ըստ փորձագետի` հանրաքվեի հարցը կախված կլինի Ռուսաստանի ամենագլխավոր մարդու «հատուկ կարծիքից»: «Այս առումով վաղաժամ է խոսել, թե հանրաքվեի, և թե Ռուսատանի կողմից ԼՂՀ-ի ճանաչման մասին»,- կարծում է փորձագետը:
Քաղաքագետը նշել է, որ ղարաբաղյան կոնֆլիկտի ստատուս քվո վիճակը շահեկան է ինչպես որոշ քաղաքական գործիչների, այնպես էլ հասարակ մարդկանց համար:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով եւ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի եւ զգալի նյութական կորուստների: 1994թ. կնքվեց զինադադար: Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ`2007 թ. նոյմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա:
Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. 4 բանաձեւերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը եւ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը: