Հունվարի 13-16-ը Երևանում անցկացվելու են Քշիշտոֆ Պենդերեցկու օրեր
Լեհ նշանավոր կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու 80-ամյա հոբելյանի առիթով հունվարի 13-16-ը Երևանում անցկացվելու է «Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը Հայաստանում» խորագրով միջոցառումների շարքը: Հենց այս շաքով էլ մեկնարկելու է «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի 15-րդ համերգաշրջանը: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Երևանյան հեռանկարներ» փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը:
«Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը Հայաստանում» խորագրով միջոցառումների շարքը մեկնարկելու է հունվարի 13-ին Արամ Խաչատրյան համերգասրահում` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և թավջութակահար Բարտոշ Կոզիակի համատեղ ելույթով:
Հունվարի 14-ին «Գաֆեսճէան» արվեստի կենտրոնում ելույթ են ունենալու ջութակահարներ Անուշ Նիկողոսյանը և Անի Կարապետյանը, ալտահար Յանա Դարյանը, թավջութակահար Արամ Թալալյանը, դաշնակահարներ Արթուր Ավանեսովն ու Ջուլիետա Վարդանյանը, կլարնետահար Դարկո Բռլեկը:
Հունվարի 15-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ելույթ են ունենալու Հայաստանի պետական կամերային նվագախումբն ու «Հովեր» կամերային երգչախումբը, ֆլեյտահար Մասսիմո Մերչելլին:
Հունվարի 16-ին կայանալու է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և Քշիշտոֆ Պենդերեցկու համատեղ ելույթը: Ելույթ է ունենալու նաև ջութակահար Ագատա Շիմչևսկան և ալտահար Ռոբերտ Կաբառան:
Համերգների ընթացքում հնչելու են Քշիշտոֆ Պենդերեցկու ստեղծագործությունները:
Ք. Պենդերեցկին ծնվել է 1933-ի նոյեմբերի 23-ին: Իրավաբան հայրը, որ խանդավառ ջութակ էր նվագում, վաղ տարիքից որդուն կապել է երաժշտությանը: Պենդերեցկին 18 տարեկանում ընդունվել է Կրակովի կոնսերվատորիան՝ միաժամանակ տեղի համալսարանում ուսանելով փիլիսոփայություն, արվեստի պատմություն և գրականության պատմություն, իսկ 1954-ից՝ երաժշտություն Կրակովի Երաժշտության պետական ակադեմիայում (Արթուր Մալավսկիի և Ստանիսլավ Վիեխովիցի մոտ): 1958-ին ավարտելով ուսումը՝ նշանակվել է երաժշտական բարձրագույն դպրոցի դասախոս: Իր հինգ սիմֆոնիաների, փոքրածավալ նվագախմբային երկերի, սոլո կոնցերտների (այդ թվում՝ ջութակի երկու կոնցերտ, ալտի կոնցերտ, թավջութակի երկու կոնցերտ, ֆլեյտայի կոնցերտ, որոնցից մի քանիսը՝ այլ սոլո գործիքների համար նախատեսված տարբերակներով), կամերային երաժշտական գործերի և բազմաթիվ վոկալ ստեղծագործությունների համար Պենդերեցկին արժանացել է բազմաթիվ հեղինակավոր մրցանակների: Պենդերեցկին երեք անգամ արժանացել է «Գրեմի» մրցանակի (1987, 1999, 2001):
Ի դեպ, հարցազրույցներից մեկի ժամանակ նա ասել է, որ իր մեծ մայրիկը հայ է եղել:
Նշենք, որ փառատոնը 2008թ. անցկացվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Փառատոնին աջակցում են նաև մշակույթի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները