«Լևոն Տեր Պետրոսյանը հաճախ հանդես է գալիս ոչ թե որպես քաղաքական գործիչ, այլ որպես քաղաքագետ»
«Առաջին նախագահը երբեմն հանդես է գալիս որպես փորձառու քաղաքագետ այլ ոչ թե որպես քաղաքական գործիչ: Նա, երևի թե, միայն իրեն հասկանալի պատճառներով դուրս է գալիս քաղաքական գործչի կեցվածքից, ով պետք է ելնի միայն քաղաքական նպատակահարմարությունից և միայն իր քաղաքական դիրքորոշումն ապահովի: Փոխարենը անցնում է քաղաքական վերլուծությանը:1997 թ Լևոն Տեր-Պետրոսյանը ևս փորձեց հանդես գալ քաղաքական վերլուծաբանի դերում` հեղինակելով «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածը: Այս գործընթացի արդյունքում նա ստիպված եղավ հրաժարական տալ»,- մեկնաբանելով ՀԱԿ հանրապետական խորհրդի նիստում Լևոն Տեր Պետրոսյանի ելույթը, panorama.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Փորձագետը տրամաբանական է համարում այն, որ Լևոն Տեր Պետրոսյանը իր ելույթում անդրադառնում է մի շարք ակտորների գործունեությանն ու մեղքերին, սակայն շրջանցում է իր և իր գլխավորած քաղաքական ուժի դերակատարման հարցը:
«Խնդիրն այն է, որ 2012 թ դեկտեմբերից` նախագահական ընտրություններին չմասնակցելու որոշումից հետո, Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս եկավ քաղաքականությունից: Իր հերթին ՀԱԿ-ից կուսակցություն ձևավորելու` այս տարվա գարնանը մեկնարկած փորձերը ևս փաստում են այդ մասին: Կվերադառնա նա՞ թե ոչ` այլ հարց է: Մեկ անգամ նա դա արդեն արել է: Այս առումով բնական է, որ նա չի անդրադարձել իր և ՀԱԿ-ի գործունեությանը»,- ասաց Սերգեյ Մինասյանը:
Ինչ վերաբերում է սեփական մեղքերը շրջանցելուն, ապա ըստ քաղաքագետի, նման կերպ են վարվում գրեթե բոլոր քաղաքական գործիչները:
«Իմ կարծիքով, ՀԱԿ առաջնորդը փորձում է ամփոփել քաղաքական տարին, փորձել հասկանալ թե ի՞նչ է տեղի ունեցել` ոչ միայն երկրի այլ նաև իր քաղաքական համախոհների հետ»,- ասաց Սերգեյ Մինասյանը:
Անդրադառնալով Լևոն Տեր-Պետոսյանի այն դիտարկմանը, «թե սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մենք կարող էինք առնվազն 50-հազարանոց հանրահավաք անցկացնել», քաղաքագետը նշեց. «Այս թվերը կարելի է լուրջ ընդունել, կամ էլ ոչ: Նույն հաջողությամբ նա կարող էր ասել 60, 70 հազար: Դա քաղաքական գործչի քաղաքական հայտարարություն է: Նա ոչ մի սոցիալական հետազոտության կամ կուսակցական տոմսերի քանակության վրա չի հիմնվել»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները