Այս տարի գյուղատնտեսության ոլորտում գրանցվել են էական դրական տեղաշարժեր. Սերգո Կարապետյան
2013 թվականին գյուղատնտեսությունում տնտեսավարողների ջանքերի և վարվող պետական քաղաքականության արդյունքում ոլորտում գրանցվել են էական դրական տեղաշարժեր: Այս մասին այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Ներկայացնելով ցուցանիշները, նախարարն ասաց, որ ընթացիկ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 857.4 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 6.1 %-ով: Ըստ Ս.Կարապետյանի` անասնապահության ոլորտում այս տարի գրանցված դրական տեղաշարժերը, մասնավորապես դեկտեմբեր ամսվա ցուցանիշները, կարող են նկատելի ազդեցություն ունենալ ոլորտի տարեկան ամփոփ արդյունքների վրա:
Նախարարն առանձնացնելով գյուղատնտեսության ոլորտում առկա ձեռքբերումները` կարևորեց հատկապես գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների ավելացումը: Մասնավորապես, 2011-2013 թթ-ին գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածություններն ավելացել են շուրջ 35 հազ. հա-ով, այդ թվում միայն 2013թ` 14 հազ. հա: Վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակը այս տարի կազմել է 71%, 2010 թվականի 63.2 %-ի դիմաց:
Հիմնական ձեռքբերումներից է նաև սերմնաբուծության և սերմապահովության ուղղությամբ իրականացված պետական ծրագրերի արդյունքում հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի արտադրության ծավալների աննախադեպ ավելացումը: Ընդ որում, հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի արտադրության ծավալները գերազանցում են նախորդ տարվա մակարդակը շուրջ 20 %-ով, այդ թվում ցորենինը` ավելի քան 26 %-ով: Օպերատիվ տվյալներով, ցորենի միջին բերքատվությունը կազմում է 30.8 ց/հա, նախորդ տարվա 26.0 ց/հա-ի դիմաց: Ս.Կարապետյանի խոսքերով` ցորենի ծավալների նման աճը հնարավորություն կտա ինքնաբավության մակարդակը 2013թ-ին նախորդ տարվա նկատմամբ ավելացնել 6-7 տոկոսային կետով:
Անդրադառնալով անասնաբուծության ոլորտին, նախարարն ասաց, որ այս տարի անասնագլխաքանակի աճի միտումները և անասնապահության ոլորտում իրականացված ծրագրերը նախադրյալ հանդիսացան անասնաբուծական հիմնական մթերքների արտադրության ծավալների ավելացման համար: Ըստ օպերատիվ տվյալների, անասնապահական մթերքների համախառն արտադրությունը կգերազանցի 2012 թվականի մակարդակը ավելի քան 7.0 %-ով նախորդ տարվա 3.2 %-ի դիմաց:
Կարևոր ձեռքբերումներից է նաև արտահանման կառուցվածքում գյուղատնտեսական ծագման արտադրատեսակների տեսակարար կշռի ավելացումը: Այսպես. այս տարի հանրապետությունից արտահանվել է շուրջ 63 հազ. տոննա պտուղբանջարեղեն, խաղող և կարտոֆիլ, որը գերազանցում է նախորդ տարվա մակարդակը 2 անգամ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում