«Մաքսային միությանն անդամակցելով` հայ տնտեսվարողների համար մեծ հնարավորություններ կբացվեն»
Հայաստանի Մաքսային միության անդամակցությունը մեծ դեր ու նշանակություն կունենա մրցակցային զարգացման և շուկաների կենտրոնացվածության աստիճանի թուլացման վրա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը:
Նրա խոսքերով` Հայաստանում մրցակցության համար հիմնական խնդիրներից մեկն այն է, որ երկիրը փոքր է և ներքին շուկաները սահմանափակ են: «Տեղական արտադրությունը չի կարողանում գնային առումով հաջողությամբ մրցակցել ներմուծված ապրանքների հետ»,- ասաց Ա.Շաբոյանը` հավելելով, որ էժան ապրանքներ ունենալու համար պետք է ապրանքները էժան ինքնարժեք ունենան, իսկ դրա համար պետք է արտադրության ծավալները մեծ լինեն: Սակայն արտադրության ծավալները չեն մեծանում, Հայաստանում շատ ներդրումներ չեն կատարվում, քանի որ ներքին շուկաները սահմանափակ են և տնտեսվարողների համար իրացումը բավականին մեծ խնդիր է ներկայացնում:
Ըստ ՏՄՊՊՀ նախագահի` ՄՄ անդամ դառնալուց հետո, տնտեսվարողների համար մեծ հնարավորություններ են բացվելու` արտահանման և արտաքին շուկաների ձեռքբերման առումով: «ՄՄ անդամակցությունը կխթանի տնտեսավորղների թվի և արտադրության ծավալների ավելացմանը, ինչը կբերի կենտրոնացվածության աստիճանի նվազեցմանը», - ընդգծեց Ա. Շաբոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները