Wikileaks-ի գաղտնազերծած նամակագրությունից. «Ղարաբաղի հայերը աներևակայելի կատաղի զինվորներ են, թերևս լավագույնը տարածաշրջանում»
Wikileaks-ը հրապարակել է «Stratfor» ամերիկյան հետախուզական-վերլուծական կենտրոնի աշխատակիցների գաղտնի նամակագրությունները, որոնցում հետաքրքիր տեղեկություններ կան նաև Հայաստանի և Արցախի վերաբերյալ:
Համացացնում հասանելի է Եվրասիայի հարցերով «Stratfor»-ի ավագ վերլուծաբան Լորեն Գուդրիչի՝ 2011թ.-ի փետրվարի 23-ին թվագրվող էլեկտրոնային նամակը : Հեղինակը ընկերությանն է զեկուցել Լեռնային Ղարաբաղ կատարած իր այցի և ստացած տպավորությունների մասին:
Վերլուծաբանը, հավանաբար, շփման ժամանակ շփոթել է արցախցիների բարբառը ցուցանակների վրա արված գրությունների հետ, որոնք, իրականում, գրված են թե՛ ՀՀ, թե՛ ԼՂՀ պետական լեզվով՝ գրական հայերենով:
«Լեռնային Ղարաբաղում ցուցանակները գրված են ինչպես Ղարաբաղի հայերենով, այնպես էլ ռուսերենով: Ղարաբաղի հայերենի և սովորական հայերենի միջև տարբերություն կա: Ուշադրություն դարձրեք, որ սովորական հայերենով գրված չեն հասարակական ցուցանակները»,- գրել է նա, ապա արել մեկ այլ ուշագրավ դիտարկում. «Ղարաբաղի հայերը լոյալ են առաջինը Ռուսաստանի, ապա նոր Հայաստանի նկատմամբ»:
Ամերիկացի վերլուծաբանը իր հիացմունքն է արտահայտել Արցախի բնաշխարհի և ճարտարապետական հուշարձանների նկատմամբ. «Լեռնային Ղարաբաղը իսկապես լավ վայր է այցելելու համար: Այն գեղեցիկ է, բերրի, ճանապարհները և հյուրանոցները լավ են կառուցված, գրեթե ամեն քայլափոխի կան եկեղեցիներ, հանցագործությունների մակարդակը ցածր է»,- նկատել է նա:
Ապա անդրադառնալով արցախցի զինվորներին՝ վերլուծաբանը պնդել է, որ նրանք տարածաշրջանի լավագույն զինվորներն են:
«Ղարաբաղի հայերը աներևակայելի կատաղի զինվորներ են, թերևս լավագույնը տարածաշրջանում: Դեռ չեչենական պատերազմի տարիներին Բասաևը իր մարդկանցից շատերին ուղարկել է Ղարաբաղի հայերի մոտ մարզվելու նպատակով: Ադրբեջանցիները գիտեն այս մասին: Ադրբեջանցիները պատրաստ չեն պատերազմել այնպես, ինչպես ռուսները չեչենների դեմ»,- գրել է նա:
Նշենք, որ ամերիկացի վերլուծաբանը շփոթել է նաև պատմական փաստերը: Հայտնի է, որ 1993 թվականին Շամիլ Բասաևը չեչեն գրոհայինների հետ մասնակցել է ԼՂՀ դեմ մղվող Ադրբեջանի պատերազմում: Ադրբեջանը Բասաևի խմբավորմանը ոչ թե գումարով, այլ զինամթերքով էր վարձահատույց լինում, որոնք և տրամադրում էր չեչեն անջատողականներին ՌԴ դաշնային իշխանությունների դեմ պայքարի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան