Արցախում ՀՆԱ-ի աճը այս տարի կազմել է 9%
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի` այսօր հրավիրած տարեվերջյան մամուլի ասուլիսում ամփոփվել են անցնող տնտեսական տարին: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ա. Հարությունյանի խոսքով` բյուջեն կատարվել է, խնդիրները չեն խանգարել նախատեսված բոլոր, մասնավորապես, սոցիալական ծրագրերի իրագործմանը:
Վարչապետը ամփոփվող տարվա կարևոր հաջողություններից մեկը համարում է ՀՆԱ-ի 9% աճը, ինչը հիմնականում ապահովվել է շինարարության հաշվին:
Կառավարության ղեկավարը անդրադարձել է ԱԺ-ի հավանությանն արժանացած երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթին, նշելով, որ գալիք տարում ևս նախատեսվում է ապահովել տնտեսական կայուն աճ, նոր աշխատատեղերի ավելացում և կարևորագույն սոցիալական ծրագրերի իրականացում:
Պատասխանելով ՀՀ-ի` Մաքսային միությանը անդամակցելու հարցին, Ա. Հարությունյանը նշել է, որ Արցախի տնտեսական ինտեգրման ուղեգիծը որևէ փոփոխություն չի կրելու, ընդհակառակը, Հայաստանում և Արցախում նոր հնարավորություններ են ստեղծվելու տնտեսության ակտիվացման համար, մանավանդ, որ տեղական արտադրանքի հիմնական մասը արտահանվում է Ռուսաստան:
Ա. Հարությունյանը անդրադարձել է հիփոթեքային վարկավորման ծրագրում նախատեսվող փոփոխություններին, որոնց համաձայն` արտոնություններ են սպասվում արտարժույթով վարկ վերցրած քաղաքացիներին: Նրանք առաջիկա 5 տարիների ընթացքում մարելու են միայն մայր գումարը, իսկ տոկոսները սուբսիդավորվելու են կառավարության կողմից: Երկարաձգվելու են նաև վարկի մարման ժամկետները, տոկոսադրույքները դեռևս մնալու են անփոփոխ:
Պատասխանելով լրագրողների բազմաթիվ այլ հարցերի` կառավարության ղեկավարը պարզաբանել և ներկայացրել է տարբեր բնագավառներում իրականացված ու կատարվելիք ծրագրերը, մեկնաբանել առանձին հիմնահարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում