Տարվա ամփոփում` Ադրբեջան-2013. Ընտրություններից մինչև «Շահդենիզ»
2013-ը Ադրբեջանում նշանավորվեց ներքին և արտաքին քաղաքականության ոլորտում ընթացող բուռն զարգացումներով, որոնք գերազանցապես կապված էին նախագահական ընտրությունների հետ: Տարին մեկնարկեց Իսմայիլի քաղաքում տեղի ունեցած բողոքի ցույցերով, որին հաջորդեցին սատարող ցույցեր Բաքվում:
Ցուցարարները պահանջում էին տեղական կառավարիչ Նիզամի Ալեքբերովի հրաժարականը: Ստեղծված լարվածության արդյունքում Իլհամ Ալիևը պաշտոնանկ արեց Ալեքբերովին, այդուհանդերձ Իսմայիլիի դեպքերը հանգեցրին ընդդիմադիր բազմաթիվ գործիչների և ակտիվիստների ձերբակալությունների ու հետապնդումների: REAL («Հանրապետական այլընտրանք») շարժման ղեկավար Իլգար Մամեդովի և «Մուսավաթ» կուսակցության փոխտնօրեն Թոֆիկ Յագուբլուի ձերբակալությունը մեծ դժգոհություն հարուցեց թե՚ Ադրբեջանի ներսում և թե՚ երկրից դուրս: Բանն այն է, որ Իլգար Մամեդովը մինչ այդ հայտնել էր հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին, ուստի ձերբակալությունն ակնհայտորեն կապված էր նրա քաղաքական գործունեության հետ: Այդ հարցի առնչությամբ իրենց մտահոգությունն էին հայտնել ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներ Պեդրո Ագրամունտը և Ժոզեֆ Դեբոնո Գրեշը: Քննադատական զեկույցում կոչ էր արվում Ադրբեջանի իշխանություններին բարեփոխումներ իրականացնել մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ:
Սակայն Ադրբեջանի իշխանություններն Արևմուտքի ազդեցության թուլացման նպատակով քայլեր ձեռնարկեցին ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի կարգավիճակի նվազեցման ուղղությամբ: Արդյունքում 2014 թվականի հունվարի 1-ից դե-ֆակտո փոխվելու է Բաքվի ԵԱՀԿ գրասենյակի կարգավիճակը: Գրասենյակն Ադրբեջանում կշարունակի գործել ընդամենը որպես Նախագծեր համակարգող կառույցի կարգավիճակով:
Ընտրությունների գլխավոր առանձնահատկություններից մեկն այն էր, որ նախագահ Իլհամ Ալիևը առաջադրվում էր երրորդ անգամ: 2009 թ.-ի մարտի 18-ին Ադրբեջանում տեղի ունեցավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե: Ներկայացված փաթեթում կարևորագույն կետը վերաբերում էր նախագահի պաշտոնում առաջադրվելու թվի սահմանափակման վերացմանը: Թեև շատ իրավաբաններ պնդում են, որ անգամ այդ փոփոխությունից հետո Իլհամ Ալիևը չի կարող առաջադրվել երրորդ անգամ, քանի որ սահմանադրական փոփոխությունը հետադարձ ուժ չունի և վերաբերում է 2013-ից հետո իշխանության եկած անձին, այդուհանդերձ, Իլհամ Ալիևն առաջադրեց իր թեկնածությունը երրորդ անգամ: Միջազգային տարբեր կառույցներ և կազմակերպություններ քննադատել էին Ալիևի այդ քայլը` դիտարկելով այն որպես լուրջ շեղում ժողովրդավարության ճանապարհից (ԵԽ, Վենետիկի հանձնաժողով, Freedom House):
Մյուս կողմից, վերջին տաս տարվա մեջ առաջին անգամ ադրբեջանական գլխավոր ընդդիմադիր ուժերը միավորման և միասնական թեկնածուով հանդես գալու որոշում էին կայացրել: Կինոդրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովի թեկնածության մերժումից հետո Դեմոկրատական ուժեր «Ազգային խորհուրդ» դաշինքն առաջ քաշեց պատմաբան Ջամիլ Հասանլիի թեկնածությունը: Նախընտրական շրջանում` մասնավորապես հեռուստաբանավեճերի ժամանակ, Հասանլին մեղադրվում էր «հայերի հետ ունեցած կապերի մեջ»:
Այսպիսով, Ադրբեջանի իշխանությունները նախընտրական շրջանն օգտագործեցին այլախոհության ճնշման, խոսքի ազատության նոր սահմանափակումների կիրառման և մարդու իրավունքների խախտման դեպքերն «օրինականացնելու» նպատակով: Այդ տեսանկյունից հատկանշական է ինտերնետային հարթակներում խոսքի ազատության քրեականացման մասին օրինագծի ընդունումը, ըստ որի` քրեական պատիժ է սահմանվում «համացանցում բամբասանքի և քննադատության» համար:
Թեև մարդու իրավունքների հարցում Ադրբեջանի հասցեին հնչեցվող բազմաթիվ քննադատություններին, այդուհանդերձ Արևմուտքը որևէ գործնական քայլ չի ձեռնարկել իշխանությունների գործողությունները կանխելու և պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ:
Ավելին, Արևմուտքը երկակի գնահատականներով հանդես եկավ նաև հոկտեմբերի ընտրությունների առթիվ: Չնայած դիտորդական առաքելությունների կողմից արձանագրված բազմաթիվ խախտումներին` ԵԽԽՎ-ն ընդհանուր առմամբ դրական էր գնահատել հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում կայացած ընտրությունները` համարելով դրանք «ադրբեջանցի ժողովրդի քաղաքական կամքի արտահայտում», ինչն, իր հերթին, հարուցել էր աշխարհի 13 երկրների 90 հասարակական կազմակերպություններին միավորող նորվեգական Human Rights House հիմնադրամի դժգոհությունը: Այդուհանդերձ, Ադրբեջանն ունի կեղծ ընտրությունների լեգիտիմացման իր մեթոդները և ածխաջրածնային պաշարները լավագույնս օգտագործվում են այդ նպատակով: Օրեր առաջ "Շահդենիզ" գազի հանքավայրի շահագործման հետ կապված միջազգային ներդրումների մասին նախագծի ստորագրումը դրա լավագույն ապացույցն է:
Ուշագրավ է, որ նախագծի ստորագրման արարողության հետ միաժամանակ Ադրբեջանում և արտերկրում մեծ դժգոհություն էր առաջացել` կապված ընտրությունների դիտարկման և ժողովրդավարության ուսուցման կենտրոնի ղեկավար Անար Մամեդլիի ձերբակալության հետ: Ադրբեջանի ընդդիմադիրները հաճախ են կոչ անում Արևմուտքին աչք չփակել երկրում մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների վրա և չստորադասել ժողովրդավարական արժեքներն էներգետիկ շահերին:
Ամփոփելով, կարելի է արձանագրել, որ 2013-ը Ադրբեջանի իշխանությունների կողմից ծառայեցվեց ավտորիտարիզմի խորացմանն ու բռնաճնշումների ուժեղացմանը: Իլհամ Ալիևի` 3-րդ անգամ նախագահի պաշտոնը զբաղեցնելու փաստը խոսում է Ալիևների դինաստիայի դիրքերի և բռնապետական կարգերի ուժեղացման մասին: Իսկ նավթագազային նոր պայմանագրերն էլ գալիս են լեգիտիմացնելու այդ կարգերը:
Տաթև Հայրապետյան
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա